Սպանված Բենազիր Բհուտտոյի որդին՝ 24-ամյա Բիլավալ Բհուտտոն, մայիսի 11-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ լքել է Պակիստանը:

Բիլավալը գլխավորում է Պակիստանի ժողովրդական կուսակցությունը, եւ իր կողմնակիցների կարծիքով, նախընտրական պայքարի շրջանում նրա կյանքին  կարող է իրական վտանգ սպառնալ: Մահափորձից խուսափելու համար Բենազիր Բհուտտոյի որդին ստիպված է եղել լքել երկիրը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ընտրությունների նախաշեմին Պակիստանում մթնոլորտը շիկացած է: Երկրում զանգվածային ահաբեկչություններն են տեղի ունենում, որոնց զոհ է գնացել արդեն ավելի քան 70 մարդ:

Մայիսի 3-ին Իսլամաբադում գնդակահարել են դատախազ Չաուդհուրի Զուլֆիքար Ալիին, ով նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյի սպանության գործով պետական մեղադրողն էր:

Հիշեցնենք, որ Պակիստանի  ընդդիմադիր ժողովրդական կուսակցությունը գլխավորող Բենազիր Բհուտտոն սպանվել է 2007-ի դեկտեմբերին՝ հանրահավաքի ժամանակ: Մահապարտը սկզբում կրակել էր Բհուտտոյի վրա, ապա պայթեցրել իրեն: