Կարագանդայում թռուցիկներ են հայտնվել ի պաշտպանություն Բոսթոնի ահաբեկչության կատարման մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաեւի: Թռուցիկները հայտնվել են Կարագանդայի կենտրոնի գետնանցումում: Ցարնաեւի նկարի տակ կա անգլերեն գրություն. «Աղոթիր Ջոհարի համար», հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նմանատիպ թռուցիկներ էին հայտնվել նաեւ Գրոզնիում եւ Բիշքեքում, որոնք շատ արագ վերացվել էին:
Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեքում անհայտ անձինք պատերին թռուցիկներ էին փակցրել՝ ի պաշտպանություն Բոսթոնի ահաբեկչության կատարման մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաեւի: Նրանք կոչ էին արել մարդկանց աղոթել Ցարնաեւի համար: Թռուցիկի վրա գրված է եղել. «Ջոհար Ցարնաեւն անմեղ է»:
Միաժամանակ, Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի կենտրոնական փողոցներում թռուցիկներ էին հայտնվել, որոնք եւս կոչ էին անում օգնության ձեռք մեկնել Ջոհար Ցարնաեւին:
Թռուցիկի վրա պատկերված է եղել Ցարնաեւն ու իր մայրը, իսկ տակը խոշոր տառերով գրված է. «Անմեղ է»: Թռուցիկը կոչ էր անում ֆինանսապես օգնել նրանց:
Թռուցիկում նշված է եղել QIWI-դրամապանակի հաշիվը՝ գումար փոխանցելու համար, ինչպես նաեւ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի էջը, որտեղ նշված է, որ դա «Ցարնաեւների պաշտոնական խումբն» է:



























