Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել անձնագրով (առանց կենսաչափական տվյալների), լիազոր մարմնի կողմից տրված՝ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթով, իսկ զինծառայողները՝ զինվորական վկայականով կամ զինվորական գրքույկով, եթե քվեարկում են զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակով:
Թեեւ «Նույնականացման քարտերի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքների համաձայն նույնականացման քարտը եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը համարվում են ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր, ընտրողը ՀՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրով կամ նույնականացման քարտով ընտրությանը չի կարող մասնակցել:
Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:
Եթե քաղաքացին քվեարկության օրը չի կարող ներկայացնել անձնագիր` այն կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու պատճառով, կարող է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն` ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար:
Քաղաքացին դիմումը պետք է ներկայացնի անձամբ:
Դիմումի հետ ներկայացվում է 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար:
Ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար պետական տուրք չի գանձվում: Այն տրվում է դիմում ներկայացնելուց հետո անմիջապես:


























