Երեւանի ավագանու ընտրություններում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ժամը 15։00 դրությամբ 31 դեպքերի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության կայքից։

Ըստ հաղորդագրության՝ ժամը 13։30-ից հետո ավելացել են հետեւյալ նյութերը։

05.05.2013թ., ժամը 09:50-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ց հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ռ. Կ.-ն եւ հայտնել, որ հարեւանը` Ս. Մ.-ն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար ըտնտրակաշառք է բաժանում:

05.05.2013թ., ժամը 10:45-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ից տեղեկանք է ստացվել, որ նույն օրը, ժամը 10:15-ին, ոստիկանության «թեժ գիծ» է զանգահարել Ռ.Մ.-ն եւ հայտնել, որ «Aravot.am» կայքում անհայտ քաղաքացին տեղադրել է տեղեկատվություն Արաբկիրի վարչական տարածքում գտնվող «Կորեայի ձոր» կոչվող տարածքում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:

Կատարվում է հետաքննություն:

05.05.2013թ., ժամը 11:50-ին ՀՀ ոստ. Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալը հայտնել է, իրեն է զանգահարել ՀՅԴ շտաբի պետ Աղվան Վարդանյանը եւ նշել, որ Նոր-Նորքի 2/03 ընտրատեղամասում կան կուտակումներ եւ գումար են բաժանում:

Կատարվում է հետաքննություն:

05.05.2013թ., ժամը 11:50-ին ՀՀ ոստ. Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալը հայտնել է, որ իրեն է զանգահարել ՀԱԿ-ի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը եւ հայտնել, որ Էրեբունու թիվ 13/12 ընտրատեղամասում ոստիկանները ուղղուդում են քվեարկողներին:

Նախապատրաստվում են նյութեր։

Ոստ. Մալաթիայի բաժնի հ/մ պետը տեղեկանք է ներկայացրել, որ 05.05.2013թ., ժամը 11:05-ին ՀՈԲ ավագ տեսուչ Վարդապետյանից ոստ. Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ 8/8 ընտրատեղամասում գողցաել են դիտորդ Ռ. Գ.-ի տեսախցիկի մարտկոցը:

Նախապատրաստվում են նյութեր:

Ոստ. Մալաթիայի բաժնի հ/մ պետը տեղեկանք է ներկայացրել, որ 05.05.2013թ., ժամը 10:55-ին քննիչից ոստ. բաժին ահազանգ է ստացվել, որ 8/9 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Ռ. Գ.-ն եւ Կ. Հ.-ն 05.05.2013թ., ժամը 07:00-ից մինչեւ ժամը 10:45-ը սադրանքի են ենթարկում հանձնաժողովի անդամներին, վստահված անձանց եւ դիտորդներին, դիտավորյալ խոչընդոտում են ընտրական գործընթացը եւ խախտում հասարակական կարգը:

Նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013թ., ժամը 11:20-ին ոստ. «թեժ գիծ» է զանգահարել ՀԱԿ գրասենյակից Ա. Խ.-ն եւ հայտնել, որ 11/36 ընտրատեղամասում ծեծկռտուք է սկսվել:

Նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013թ., ժամը 11:50-ին ՀՀ ոստ. Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալը հայտնել է, որ իրեն է զանգահարել ՀԱԿ-ի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը եւ հայտնել, որ Մալաթիայի 9/28 ընտրատեղամասում կրիմինալ մարդիկ ընտրողներ են բերում քվեարկության եւ հաշվի չեն առնում նախագահին, կարող է ծեծկռտուք սկսվել:

Նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013թ., ժամը 12:42-ին Հալաբյան փող. 7 շենքի բնակիչ Դ. Ի.-ից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի թիվ 5/1, 5/2 եւ 5/3 ընտրատեղամասերի մոտ մարդկանց եւ մեքենաների կուտակումներ կան:

Նախապատրաստվում են նյութեր:

Մամիկոնյանց 27ա շենքի, թիվ 36 բն. բնակիչ Դ. Վ.-ն դիմում է ներկայացրել , որ 05.05.2013թ. թիվ 1/29 ընտրատեղամասում հանդիսացել է ՀԱԿ կուսակցության վստահված անձ, ժամը 10:30-ից մինչեւ 11:00-ն ընկած ժամանակահատվածում հանձնաժողովի նախագահից պահանջել է իր կողմից նկատված խախատման արձանագրության քաղվածքը, ՀՀԿ-ի վստահված անձ Ա. Տ.-ն վիրավորանք է հասցրել իր անձի նկատմամբ, որի համար զանգահարել է Վ. Կ.-ին:

Նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013թ., ժամը 13:05-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Ազատության պող. 11 շենքի բնակիչ Հ. Խ.-ն եւ հայտնել, որ անձնագիրը իր մոտ չէ եւ ընտրություններին մասնակցելու համար Արաբկիրի անձնագրային ծառայությունը հրաժարվում է համապատասխան փաստաթուղթ տրամադրելուց:

Նախապատրաստվում են նյութեր:

05.05.2013թ., ժամը 13:20-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Դրոյի փող. 14/1 շենքի բնակչուհի Ա. Ն.-ն եւ հայտնել, որ թիվ 3/17 ընտրատարածքի դիմաց 06 50 պ/հ-ի ՊՆ ավտոմեքենայի մեջ 4 կին կա, ցուցակները ձեռքները խոսում են կաշառքների մասին:

Նախապատրաստվում են նյութեր: