Տավուշի մարզի Բագրատաշենում մայիսի 4-ին ինքնասպանություն գործած երիտասարդը հոգեկան խանգարումներ ուներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը:
Նա նշեց, որ վերջինս չի պառկել հիվանդանոցում, ժամանակ առ ժամանակ դեղեր է ընդունել, սրսկվել, սակայն տեղյակ չէ, թե ինչի հետեւանքով են հոգեկան խնդիր առաջացել տղամարդու մոտ: Նա նաեւ նշեց, որ միջադեպից առաջ որեւէ վիճաբանություն չի ունեցել ընտանիքի անդամների, հարազատների հետ: Նրա ընտանիքի անդամները միջադեպի ժամանակ տանն են եղել, սակայն չեն մտածել, որ նման քայլի կդիմի: Գյուղապետը պատմեց, որ առանց որեւէ բան ասելու նա դուրս է եկել տնից, ինքնասպանություն գործել, ավելի ուշ եղբայրները հայտնաբերել են նրան` կախված վիճակում:
Գյուղապետը տեղեկացրեց, որ Արտակ Խաչատրյանը ապրում էր հոր, մոր, երկու եղբոր եւ քրոջ հետ, նա ամուսնացած է եղել, սակայն ամուսնալուծվել է: Տղամարդը աշխատանք չուներ, զբաղվում էր գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Բագրատաշենում: Կեսօրին ծառից կախված գտել են 37-ամյա Արտակ Խաչատրյանի դին: Վերջինս ինքնասպանություն է գործել՝ իրենց բակի խնձորի ծառից կախվելով: Նրան ճանաչողները ասում են, որ երիտասարդը հոգեկան խնդիրներ ուներ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ կատարվածի հանգամանքները պարզվում են:


























