«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ընտրությունների վերահսկման տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է իր արձանագրած ընտրախախտումները:

12:15, Նոր Նորքի 6-րդ զանգվածի 2/23 տեղամասի «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամ Արմեն Բաբաջանյանի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ստացված քվեաթերթիկները հաշվելու արդյունքում պարզվել է, որ 100 քվեաթերթիկ պակասում է:

12:40. քաղաքացիները ահազանգում են, որ Հրազդանի կիրճում գտնվող, Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենցիա» ռեստորանի աշխատակազմի բոլոր անդամներին վճարում են 10000-ական դրամ եւ տեղափոխում են ընտրատեղամասեր ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար:

13:50. Անահիտ Բախշյանն ահազանգում է, որ 7/1 եւ 7/3 տեղամասերի հանձնաժողովների «Ժառանգության», ՀԱԿ եւ Դաշնակցության հանձնաժողովականներին 099 200010 հեռախոսահամարից զանգահարել է մեկը` ներկայանալով որպես հանձնաժողովի նախագահ, ու ասել, որ հանձնաժողովի բոլոր անդամներն արդեն գործարքի են գնացել ՀՀԿ-ի հետ, մնում է միայն ինքը: Պարզվում է, որ այդ հեռախոսահամարը Սամվել Ալեքսանյանի քրոջ տղա Վարդանինն է:

13:50. Բաբաջանյան 1, բն. 20 հասցեի բնակիչ, ընտրող Աշոտ Ավետիքի Սարգսյանն ահազանգում է, որ երբ գնացել է քվեարկելու 8/14 տեղամասում, իր հասցեի տակ գրանցված է եղել անծանոթ անունով անձ՝ Մարգարիտա Կուպերեւսկա Ամրելի, ծնվ. 1995թ.:

14:00. Ընտրող Սոֆիան ահազանգում է, որ Նորքի 1-ին զանգվածում, 162 դպրոցում տեղակայված 3/33 տեղամաս ավտոմեքենաներով մարդիկ են բերում քվեարկելու: Ավտոմեքենաների համարներն են՝ 09 ՕՕ 555 արծաթագույն մերսեդես, 02 SO 978 վազ 21 06 մակնիշի մեքենա, 092 SS 03 նիվա, 14 375 սեւ ֆոլցվագեն, 32 SO 025 օպել, 22 SO 362 օպել, 29 SO 547 մոսկվիչի նման մեքենա, 09 ՕՕ 555 սեւ տոյոտա, 31 ՕՕ 500, 07 մակնիշի մեքենա, եւ դեղին գազել:

14:15. 8-րդ բուժմիավորման աշխատակցին զանգահարել են 28-58-09 հեռախոսահամարից եւ հարցրել են՝ գնացե՞լ է ընտրության, ո՞ւմ է ընտրել, նաեւ ասել են, որ իր ընտանիքի անդամների մասին մանրամասն տվյալներ ունեն:

14:30. Քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ, հայտնում է, որ առավոտից 03 LS 448 եւ 60 համարի 0962Տ համարներ ունեցող գազելներով եւ 22ՍՍ065 համար ունեցող Mercedes Sprinter ընտրողներին տեղափոխում են 13/32, 13/33 տեղամասեր:

14:45. «Առավոտ» թերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը տեղեկացնում է, որ 74 եւ 52 համարի երթուղային տաքսիները ընտրողներին տեղափոխում են 6/01 եւ 6/02 տեղամասեր:

15:07. «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ցուցակի անդամ Իզաբելլա Աբգարյանն ահազանգում է, որ, երբ գնացել է 4/29 ընտրատեղամաս, տեսել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են։ Նրան առաջարկել են իր ընտանիքի այլ անդամի փոխարեն քվեարկել։ Երբ ասել է, որ ուրիշ մարդու փոխարեն իրավունք չունի ստորագրել, դա ապօրինի է, առանձին թղթի վրա արտագրել են իր տվյալները։