Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Բ-ն, Վրաստանի իշխանություններին կոչ է արել արգելել աբորտները: Իր ուղերձում Իլյա Բ-ն հայտարարել է, որ հաշվի առնելով երկրում առկա բարդ դեմոգրաֆիական իրավիճակը, անհրաժեշտ է նման որոշման ընդունումը:
«Դա պետք է անել կարճ ժամկետներում, թեեւ, բնականաբար, պետք է լինեն նաեւ բացառություններ, բայց մինչ այդ լրատվամիջոցները պետք է բնակչությանը նախապատրաստեն դրական ընկալման այդ նախաձեռնության նկատմամբ»,-հայտարարել է պատրիարքը: Նրա խոսքով՝ աբորտն անօգնական երեխայի սպանություն է եւ այդ սպանությանը մորից բացի հանցակից է դառնում նաեւ բժիշկը:
«Մինչ հիմա էլ անխղճորեն սպանում են պտուղը եւ ոչ ոք դրան չի խանգարում, ոչ պետությունը, ոչ հասարակությունը: Ժամանակն է վերջ տալ դրան»,-ասել է Իլյա Բ-ն, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Պատրիարքի տվյալներով՝ տարեկան Վրաստանում մոտ 36 հազար աբորտ է կատարվում, թեեւ դրանք միայն պաշտոնական տվյալներ են, իրականում այդ թիվն ավելի մեծ է:




























