Հայաստանի նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինն ամփոփել է ծրագրի շրջանակում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի ապրիլի արդյունքները:

Արտասահմանում միջազգային գիտաժողովների մասնակցելու նպատակով աջակցություն են ստանալու ութ երիտասարդ գիտնականներ: Ֆինանսավորումը կատարելու է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Գեւորգ Մարտիրոսյանը նոյեմբերի 5-8-ը Լոնդոնում կմասնակցի Արվեստի եւ գիտության միջազգային գիտաժողովին։

«Բիոլոգիական մեխանիզմներ 2013» միջազգային գիտական կոնգրեսի շրջանակներում հուլիսի 3-11-ը Սանկտ Պետերբուրգ կմեկնի Գոհար Կարապետյանը։ 

Մայիսի 24-31-ը Իտալիայի Հանրապետության Սիցիլիա կղզում կանցկացվի «Օն-լայն գիտություն» խորագրով ծրագիրը, որին կմասնակցի Եզնիկ Միրզոյանը։

Դավիթ Փիլիպոսյանը «Ֆոնոնիկս 2013» միջազգային գիտաժողովի շրջանակներում հունիսի 2-7-ը կմեկնի Շարմ Էլ Շեյխ քաղաք, որտեղ էլ անցկացվում է նշված գիտական համաժողովը։

Օգոստոսի 19-27-ը Սանկտ Պետերբուրգում Հովհաննես Մուրադյանը եւ Արթուր Մովսիսյանը կմասնակցեն «Դիֆրակցիոն տվյալների անալիզի ժամանակակից մեթոդներ» խորագրով գիտաժողովին։

Նարեկ Մուրադյանը մայիսի 14-16-ը Մոսկվայում Հայաստանը կներկայացնի «Տնտեսության եւ հասարակության վերլուծության վիճակագրական մեթոդներ» խորագրով գիտաժողովին։

Ռոման Հովսեփյանը հունիսի 17-22-ը կմասնակցի Պալեոէթնոլոգիայի 16-րդ միջազգային կոնֆերանսին, որը տեղի կունենա Հունաստանի Սալոնիկ քաղաքում։