Երեւանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 6-րդը հորիզոնականը զբաղեցնող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին ղեկավար Թամարա Պողոսյանը ձեռնպահ է մնում ընտրությունների արդյունքները մեկնաբանելուց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թամարա Պողոսյանը:
«Ես հիմա հանդիպման եմ, չեմ կարող մեկնաբանել, ձեռնպահ եմ մնում որեւիցե մեկնաբանությունից»,- ասաց նա եւ անջատեց հեռախոսը:
Ի դեպ, երեկ «Բարգավաճ Հայաստանից» պատգամավոր Վահե Էնֆիաջյանը եւս զերծ էր մնացել մեկնաբանություններ անել Երեւանի ավագանու ընտրությունները մեկնաբանելուց: Ընտրությունների ընթացքի վերաբերյալ NEWS.am-ի հարցին պատասխանելով` ԲՀԿ ներկայացուցիչը նշել է, թե քանի դեռ չկան ընտրությունների վերջնական արդյունքները, եւ քաղաքական ուժերը չեն հայտնել իրենց դիրքորոշումը, ինքը նախընտրում է զերծ մնալ մեկնաբանություններից:
Նշենք, որ այսօր` մայիսի 6-ին, ժամը 10.00-ին ԿԸՀ-ն ամփոփել է Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
Ըստ այդմ, կուսակցությունների եւ կուսակցության դաշինքների ստացած կողմ քվեաթերթիկների թիվը հետեւյալն է.
«Առաքելություն» կուսակցություն – 2692 (0,64 տոկոս)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 97 189 (23,05 տոկոս)
«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինք – 35 732 (8,47 տոկոս)
Հայ ազգային կոնգրես կուսակցություն – 18 499 (4,39 տոկոս)
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն – 15 999 (3,79 տոկոս)
«Հայաստանի հանրապետական կուսակցություն – 235 512 (55,86 տոկոս)
«Օրինաց երկիր» կուսակցություն – 15 733 (3,73 տոկոս)
Քվեատուփում առկա սահմանված նմուշի ծրարների թիվը՝ 436 590
Անճշտությունների գումարային թիվը՝ 288:




























