Տվյալ պահին ես մտադիր չեմ մեկնաբանել Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում էր «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը:

«Ես սպասում եմ, որ փրփուրը ցրվի, եւ երեւա՝ ինչն ինչոց է»,- հայտնել է Մարտիրոսյանը:

Հարցին, թե մտադիր են արդյոք իրենց դժգոհությունը հայտնել ընտրությունների արդյունքներից, պատասխանեց, որ հանրահավաքը կկայանա մայիսի 9-ին, ինչպես եւ հայտարարվել էր:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն մայիսի 6-ին, ժամը 10.00-ին հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ այդմ, կուսակցությունների եւ կուսակցության դաշինքների ստացած ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. «Առաքելություն» կուսակցություն՝ 2692 (0,64 տոկոս), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 97 189 (23,05 տոկոս), «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինք՝ 35 732 (8,47 տոկոս), Հայ ազգային կոնգրես կուսակցություն՝18 499 (4,39 տոկոս), Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն՝ 15 999 (3,79 տոկոս), «Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 235 512 (55,86 տոկոս), «Օրինաց երկիր» կուսակցություն՝15 733 (3,73 տոկոս): Այսպիսով, Երեւանի ավագանում ներկայացված կլինեն երեք ուժեր՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Բարեւ Երեւան» դաշինքը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am