Հայաստանի սփյուռքի նախարարությունը եւ Արագածոտնի մարզպետարանը համատեղ կազմակերպել էին «Կիլիկյան» դպրոցի սիրիահայ սաների այցելությունը Արագածոտնի մարզ:

Այցի շրջանակներում սիրիահայ աշակերտները եղել են Տառերի պուրակում, որտեղ դիտել են հայոց այբուբենի զարդաքանդակ տառերի համալիրը, ապա նաեւ՝ հարեւանությամբ գտնվող խաչը, որը պատրաստվել է արցախյան պատերազմի պարկուճներից ձուլված մեծ ու փոքր խաչերից:

Սիրիահայ դպրոցականները օրվա ընթացքում այցելել են Հովհանավանք, որտեղ մոմ են վառել, հոգեւոր հովիվ Տ. Եփրեմ քահանան պատմել է նրանց եկեղեցու ստեղծման պատմությունը եւ միասին աղոթք հնչեցրել առ Աստված հանուն Սիրիայի խաղաղության:

Այնուհետեւ սիրիահայ դպրոցականներին ընդունել են Կարբի գյուղի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի սաները, ովքեր իրենց ձեռքով պատրաստած ուտեստների հյուրասիրություն էին կազմակերպել սիրիահայ հասակակիցների համար: Հյուրերի համար ելույթ է ունեցել Կարբիի դպրոցի քառաձայն երգչախումբը: Դպրոցականները համատեղ հանդես են եկել ասմունքի, երաժշտական եւ պարային ստեղծագործությունների կատարումներով, որից հետո երկու դպրոցների պատանի ֆուտբոլիստները իրենց ուժերը չափեցին մարզադաշտում:

Ողջունելով սիրիահայ դպրոցականներին իրենց հարկի տակ՝ Կարբիի գյուղապետ Կարեն Բաղդասարյանը եւ դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանը իրենց պատրաստակամությունն են հայտնել առաջիկայում եւս նման միջոցառումներ կազմակերպել: Սիրիահայ դպրոցականների անունից ջերմ ընդունելության համար շնորհակալություն է հայտնել «Կիլիկյան» դպրոցի տնօրեն Նորա Փիլիպոսյանը: Իսկ ծրագրի նախաձեռնողներից Մարիետա Մակարյանը նշել է, որ ծրագիրը հիանալի հնարավորություն էր սիրիահայ երեխաների ինտեգրումը կազմակերպելու, իրենց հասակակիցների հետ շփվելու եւ մտերմանալու համար: