Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը մտադիր չէ արդարացումներ փնտրել Ցարնաեւ եղբայրների համար, ովքեր ըստ ամերիկյան ոստիկանության` բոսթոնյան մարաթոնի ժամանակ ահաբեկչություն են կազմակերպել: Այս մասին  այսօր` մայիսի 6-ին, հայտարարել է Քադիրովը:

«Բլոգում Ցարնաեւների վերաբերյալ բազմաթիվ հարցեր են հղում ինձ: Հարցնում են` ինչո՞ւ ես ի պաշտպանություն նրանց հանդես չեմ գալիս: Ես լռում էի` պարզելու համար, ովքեր են նրանք, ինչ հայացքներ եւ նպատակներ են հետապնդել: Այսօր ամբողջ պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել` Թամերլան եւ Ջոհար Ցարնաեւներն ամենավերջին սատանաներն են: Դրա համար ես ի պաշտպանություն նրանց հանդես չեմ գա եւ նրանց չեմ աջակցի»,- ժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է Քադիրովը:

«Բարեբախտաբար Թամերլանին վերացրել են, Ջոհարին` ձերբակալել: Հակառակ դեպքում նրանք կարող էին վնասել անմեղ մարդկանց ընտանիքներին»,- գրել է Քադիրովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ` Ռամզան Քադիրովը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Ցարնաեւները Չեչնիայի հետ ընդհանուր ոչինչ չունեն: «Ծնվել են Ղրղըզստանում, պատրաստվել են այլ երկրներում: Ծնողները նրանց միայնակ ուղարկել են ԱՄՆ` ահա եւ արդյունքը»,- ամփոփել է նա: