Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ մայիսի 6-ին, ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պատվիրակությանը՝ դեպարտամենտի գլխավոր խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասի գլխավորությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական փոխգործակցությունը, ինչպես գործադիր եւ օրենսդիր իշխանությունների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով՝ ընդգծելով, որ ապակենտրոնացված համագործակցությունը մեծապես նպաստում է միջպետական հարաբերությունների առավել զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար  Քրիստոֆ Մասը՝ տեղեկացրել է, որ պատվիրակության այցի նպատակն է ընդլայնել գործակցության ոլորտները Սյունիքի մարզի հետ, որի շրջանակներում Գորիս քաղաքում բացվել է բժշկական կենտրոն։

Նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ այցի ընթացքում պատվիրակության հանդիպումներն ու ուսումնասիրություններն արգասաբեր կլինեն, եւ առաջիկայում հնարավոր կլինի նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել: