Երեւանի բոլոր 13 ընտրատարածքներից տարածքային ընտրական հանձնաժողովները դիմումներ են ստացել տեղամասային ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչների կողմից` պահանջելով վերահաշվարկել ավելի քան 160 ընտրատեղամասերի քվեները: Այս մասին NEWS.am-ին է հաղորդել ԿԸՀ  մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը` նշելով, որ դիմումները ներկայացվել են օրենքով սահմանված ժամանակահատվածի ընթացքում:

Նրա խոսքով՝ որոշ դիմումներ ներկայացվել են անձանց կողմից, ովքեր դրա օրինական իրավունքը չեն ունեցել. «Տվյալ պահին մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է ընթանում: Բացի այդ, մի քանի դիմումներ են ստացվել` այս կամ այն ընտրատեղամասում ընտրություններն անօրինական ճանաչելու պահանջով: Ստացված բոլոր դիմումները քննարկվում են եւ օրենքին համապատասխան դրանց ընթացք կտրվի»:

Հիշեցնենք, որ ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, ընտրություններում հաղթանակ է տարել ՀՀԿ-ն, որն ստացել է ձայների 55,86 տոկոսը (235512):

Երկրորդ հորիզոնականում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է բնակչության 23,05% (97189): «Բարեւ Երեւանի» օգտին քվեարկել է ընտրողների 8,47% (35732):

Ընտրությունների մյուս 4 մասնակիցները չեն հաղթահարել 6 տոկոսի շեմը եւ չեն ներառվել ավագանու կազմում: Այդ ուժերն են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը եւ «Առաքելությունը»: