Ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել Ազատության հրապարակում մայիսի 5-ին հնչած կրակոցների վերաբերյալ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մայիսի 5-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի աղջիկ եւ հայտնել, որ Մաշտոցի պաղոտայում մի տղա իրեն հարվածել եւ փախել է:

Նույն օրը, ժամը 22.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 40 շենքի մոտից բաժին են հրավիրել 1990 թ. ծնված  Լիանա Ն.-ին: Նա հայտնել է, որ ոմն Արթուր ժամը 22.00-ի սահմաններում Ազատության Հրապարակում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է իր աչքին եւ պատճառել ֆիզիկական ցավ, որից հետո ինքն իրեն պատկանող (օրինական) «Մակարով» տիպի 4,5 մմ տրամաչափի  օդաճնշիչ ատրճանակից  3-4 անգամ կրակել է օդ` տղային կարգի հրավիրելու նպատակով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուրի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: