Չեռնոգորիան մտադիր է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները զբոսաշրջության ոլորտում: Այս մասին Երեւանում հայտարարել է Չեռնոգորիայի արտգործնախարար Իգոր Լուկշիչը: Նշենք, որ սա Չեռնոգորիայից բարձրաստիճան պաշտոնյայի առաջին պաշտոնական այցն է Հայաստան:

Մայիսի 7-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Չեռնոգորիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ առկա են լավ հարաբերություններ, եւ կա ներուժ` դրանց զարգացման համար: «ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպմանը մենք պայմանավորվեցինք ակտիվացնել երկխոսությունը: Այսօրվա այցը, ինչպես նաեւ մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը խթան կհանդիսանա համագործակցության զարգացման համար»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ կողմերը մտադիր են զարգացնել տնտեսության, մշակույթի, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, գիտահետազոտական ոլորտում համագործակցությունը: «Մենք կենտրոնացանք տնտեսական խնդիրների քննարկման վրա, քննարկեցինք տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագրերի ստորագրման, այդ թվում` կրկնակի հարկումների վերացման, հեռանկարները»,- նշել է Իգոր Լուկշինը` ավելացնելով, որ փաստաթղթերը կարող են ստորագրվել ՀՀ ԱԳՆ` Չեռնոգորիա կատարելիք այցի ընթացքում:

Շնորհավորելով Հայաստանին Եվրոպայի Խորհրդի Նախարարների խորհրդում նախագահության առթիվ` Իգոր Լուկշիչը նկատել է, որ Հայաստանի համար սա շատ կարեւոր ժամանակահատված է: Հայաստանի հետ փոխհարաբերությունների զարգացման ուղիների թվում Չեռնոգորիայի արտգործնախարարը նշել է զբոսաշրջությունը` ասելով, որ իրենց երկիրը մտադիր է ճկուն վիզային ռեժիմ կիրառել ամառային արձակուրդների շրջանում: Զբոսաշրջության զարգացման ենթատեքստում նա ընդգծել է համապատասխան գերատեսչությունների, տուրօպերատորների, չարթերային թռիչքներով զբաղվող կազմակերպությունների համագործակցության խթանումը: «Մոտ ժամանակները Չեռնոգորիայում ծրագրվում է անցկացնել բիզնես-ֆորում: Սա կարեւոր միջոցառում է` կապերի հաստատման եւ փորձի փոխանակման տեսանկյունից»,- նշել է Իգոր Լուկշինը: Հարաբերությունների զարգացման մյուս ուղին, ըստ նրա, երկու երկրների մայրաքաղաքների միջեւ համագործակցությունն է: