Չեռնոգորիայի ԱԳ նախարար Իգոր Լուկշիչի այցը Հայաստան երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի քննարկման լավ առիթ եւ հնարավորություն է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, իր չեռնոգորցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր սա առաջին բարձրատիճան պաշտոնյայի այցելությունն է Մոնտենեգրոյից, որը կարող է լավ սկիզբ, լավ առիթ հանդիսանալ նոր խթան հաղորդելու մեր հարաբերությունների զարգացմանը:
Մենք օգտագործեցինք այսօրվա հանդիպման հնարավորությունը քննարկելու երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ստեղծման, քաղաքական երկխոսության ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։ Վերջին տարիների ընթացքում տարբեր միջազգային համաժողովների շրջանակներում մի քանի հանդիպում է կայացել արտգործնախարարների մակարդակով։ Մենք համակարծիք ենք, որ հնարավոր է ավելի սերտացնել մեր փոխգործակցությունը տարբեր միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ ստեղծել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդատվությունների մեխանիզմ:
Մենք խոսեցինք առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման մասին, նաեւ համագործակցության զարգացման այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, գիտությունը, անդրադարձանք մշակութային փոխանակումներին:
Քննարկեցինք մի շարք տարածաշրջանային եւ միաջազգային հարցեր: Ես իմ գործընկերոջը տեղեկացրեցի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերի մասին: Պարոն Լուկշիչը ինձ տեղեկացրեց Բալկաններում զարգացումների վերաբերյալ»:



























