Այսօր՝ մայիսի 7-ին, Իջեւանում դատարանը վճիռ է կայացրել Արտակ Նազարյանի մահվան գործով, որին տուժող կողմը ներկա չի եղել: Դատարանն ապացուցված է համարել զինդատախազության վարկածը եւ ամբաստանյալներին դատապարտել 4-ական տարի (այդքան էլ պահանջել էին Վահագն Հայրապետյանի, Մխիթար Մխիթարյանի եւ Ադիբեկ Հովհաննիսյանի համար), 10 տարի (13 տարի էր պահանջել դատախազը Հակոբ Մանուկյանի համար), եւ 3 տարի (դատախազը պահանջել էր 2 տարի Հարութիկ Կիրակոսյանի համար) ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդ, Արտակ Նազարյանի քույրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մինչեւ դատավճիռը հրապարակվելն իրենք հայտարարություն էին արել` կանխատեսելով, որ դատարանը նոտարի դեր էր կատարելու` կնքելով զինվորական դատախազության բերած վարկածը եւ մեղադրանքը,  եւ ցավոք իրենք չսխալվեցին իրենց կանխատեսման մեջ, այդպես էլ եղավ:

Ծովինար Նազարյանն ասաց, որ դատավճիռը բողոքարկելու են, որովհետեւ խորապես համոզված են, որ տեղի է ունեցել սպանություն, ոչ թե՝ ինքնասպանություն: «Ինքնասպանության վարկածը դատարանի դահլիճում` դատավորների, դատախազի աչքի առաջ կետ առ կետ փլուզվել է, ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք ապացուցում են, որ տեղի ունեցածը սպանություն է, սակայն ինչպես զինվորական դատախազները, այնպես էլ դատավոր Մարդանյանը, անտեսել են դատարանի դահլիճում 1,5 տարվանից ավելի ընթացող դատաքննության ընթացքում ի հայտ եկած հանգամանքները, եւ կազմել են մեղադրական եզրակացությունը այնպես, ինչպես տարել էր նախաքննությունը: Բնականաբար, մենք պետք է բողոքարկենք, որովհետեւ դատարանի դահլիճում ի հայտ եկած փաստերը ամրապնդում են մեր դիրքորոշումը եւ եթե իսկապես ցանկություն լինի ցույց տալու իրականությունը առնվազն այն մասին, թե ինչպես է դատաքննություն վարել դատավոր Մարդանյանը, ինչպես է աչք փակել նախաքննության կատարած ապօրինությունների վրա, ապա այս դատավճիռը ուղղակի քննադատության չի դիմանում»,- ասաց տուժողի իրավահաջորդը:

Ծովինար Նազարյանը շեշտեց, որ որեւէ երաշխիք չունեն, որ հայաստանյան մյուս դատական ատյաններում որեւէ բան կփոխվի: «Լավ իմանալով Հայաստանի արդարադատության համակարգը, առանձնապես մեծ սպասելիքներ չունենք, բայց դիմելու ենք օրինական բոլոր միջոցներին՝ ճշմարտությունը բացահայտելու համար: Ոչ միայն ճշմարտությունը եղբորս մահվան իրական հանգամքնների մասին, այլեւ ճշմարտությունը դատավարական ապօրինությունների մասին, որ տեղի են ունեցել նախաքննության եւ դատաքննության ընթացքում»,- ասաց նա` հավելելով, որ եթե հայաստանյան դատական ատյանները չբավարարեն իրենց պահանջները, դրանք սպառելուց հետո դիմելու ենք նաեւ Եվրոպական դատարան, բայց վերջինիս վճիռը նույնպես վերջնական ճշմարտություն չի կարող լինել, եթե չբավարարի իրենց պահանջները: