Ավստրալիայից Հայաստան սերմնահեղուկի մեկ բիոդոզա ներմուծվել է Հայաստանում աշխատող արտասահմանցու համար: Այդ մասին այսօր` մայիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գեորգի Օկոեւը:

Նրա տեղեկացմամբ` ավստրալիացի ամուսինները աշխատանքի բերումով երկար ժամանակ իրարից բաժան են եղել` կինը գտնվել է Հայաստանում, ամուսինը` Ավստրալիայում: Քանի որ Ավստրալիայից Հայաստան կարճատեւ այցը նպատակահարմար չի եղել, ամուսինները որոշել են երեխա ունենալ արհեստական բեղմնավորման միջոցով: Այդ նպատակով Հայաստան է առաքվել 1 բիոդոզա սառեցված սերմնահեղուկ, որը պահպանվել է 2 լիտր հեղուկ ազոտի մեջ: Սակայն մաքսային մարմինները սխալմամբ գրանցել են 2 լիտր սերմնահեղուկ, որն, ըստ Գ. Օկոեւի, բավարար է 1200 դոզայի համար:

Գ. Օկոեւը նշեց, որ այս դեպքից բացի սերմնահեղուկի ներկրման այլ դեպքեր իրեն հայտնի չեն, թեեւ Հայաստանում ցանկացած ոք կարող է սերմնահեղուկ սառեցնել` հետագա արհեստական բեղմնավորման նպատակով: Դա սովորաբար արվում է ծանր վիրահատություններից առաջ, իսկ սերմնահեղուկի սառեցումը, պահպանումը եւ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումն արժե 70-75 հազ. դրամ: Գ. Օկոեւը չբացառեց նաեւ դոնորական սերմնահեղուկի օգտագործումը, սակայն կոնկրետ գներ չցանկացավ ասել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am