Հայաստանի ՊՆ N զորամասի զինծառայող 20-ամյա Վահրամ Համբարձումյանը հրամանատարի հրամանի համաձայն անձնակազմի կողմից առաջացած աղմուկը վերացնելու նպատակով զինվորական աթոռակը նետել է անձնակազմի ուղղությամբ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 20-ամյա Վահրամ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հրամանատար Մելիք Խաչատրյանի հրամանի համաձայն, նույն գումարտակի զորանոցում հեռուստացույց դիտելու ժամանակ, անձնակազմի կողմից առաջացած աղմուկը վերացնելու նպատակով, զինվորական կարգապահությունը խախտողներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն, զինվորական աթոռակը նետել է անձնակազմի ուղղությամբ, որի հետեւանքով դիպել է իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող ժամկետային զինծառայող` Արթուր Հեքիմյանի գլխին: Վերջինիս առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս՝ առողջության տեւական քայքայումով:

Քրեական գործ է հարուցվել 375 հոդվածի  1-ին մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: 29-ամյա Արեն Վերդյանին եւս  մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով այն բանի համար, որ նա գտնվելով զորամասի բուժկետում Վահրամ Համբարձումյանի ուղեկցությամբ բուժկետ այցելած Արթուր Հեքիմյանի բուժզննման ժամանակ Համբարձումյանից տեղեկանալով կատարվածի մասին թաքցրել է հանցագործությունը եւ այդ մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: