Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնին (նստավայրը՝ Հելսինկի): Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների խորացմամբ եւ ամրապնդմամբ:

«Քաղաքական ասպարեզում մեր հարաբերությունները բնութագրվում են բարձր փոխըմբռնմամբ, ուստի անհրաժեշտ է սերտացնել եւ ընդլայնել կապերը նաեւ տնտեսական ոլորտում».- ասել է վարչապետը:

Այդ համատեքստում, զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագրի եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների հաջող ավարտը:

Տիգրան Սարգսյանը հեռանկարային է համարել Ֆինլանդիայի հետ համագործակցությունը, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Վարչապետը ֆիննական ընկերություններին հրավիրել է Հայաստան՝ ծանոթանալու եւ կապեր հաստատելու ՏՏ բնագավառում գործունեություն ծավալող տեղական եւ միջազգային ընկերություններին եւ զարգացման հեռանկարներին: 

Այնուհետեւ դեսպանը կառավարության ղեկավարին է ներկայացրել Ֆինլանդիայի տնտեսության վիճակը եւ դրա զարգացման գործում իր երկրի փորձը: Քրիստեր Միխելսոնը նշել է, որ իր երկիրը պատրաստ է կիսվել այդ փորձով եւ նպաստել Հայաստանի զարգացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԵՄ-ի օժանդակությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ այլ հարցերի: