«Հրապարակը» գրում է, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն Ազատության հրապարակում հրավիրած վերջին հանրահավաքի ժամանակ ներկաներին մայիսի 14-ին հրավիրեց Աբովյան` իր ընտանիքի միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցու բացմանը:

Շքեղ արարողությանը մասնակցելու են տարբեր երկրների հոգեւոր եւ աշխարհիկ դասի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ով Ծառուկյանի ընկերն է:  Թեպետ Ծառուկյանի մամլո խոսնակը վստահեցնում է, որ հրավիրյալների ցանկը դեռ վերջնական չէ, չի կարող նաեւ ասել, թե ով է օծելու եկեղեցին: Ի դեպ, «Ծառուկյան հիմնադրամը» այդ օրն անվճար «գազելներ» է տրամադրելու, որոնք ցանկացողներին ժամը 12:00-14:00-ն Մատենադարանի մոտից կհասցնեն Աբովյան:

Տեղեկություններ կան, որ նույն օրը Ծառուկյանը ցանկանում է ազդարարել Երեւան-Սեւան մայրուղու՝ Բալահովիտ գյուղի հարեւանությամբ գտնվող նորակառույց «Փարավոն» հանգստի, խաղատնային եւ զվարճանքների կենտրոնի բացումը: Կենտրոնը ներառում է նախկին «Շանգրի Լա» խաղատունը, «Կեմպինսկի» հյուրանոցային համալիրը, որտեղ կան նաեւ խաղատներ եւ մոտ մեկ տասնյակի հասնող հանգստյան փոքր համալիրներ:

«Նման բան չկա, միայն եկեղեցու բացումն է այդ օրը նախատեսվում»,- ասել է Ուրիխանյանը: Բայց հայտնի է, որ արդեն ոմանք «Փարավոնը» «բրոնյա» են արել՝ հանդիսավոր միջոցառումներ նշելու համար: Ասում են՝ այն չափազանց շքեղ է եւ գերազանցում է «Օջախին»: