Մայիսի 9-ին Վիրահայոց թեմում նշել են Համբարձման տոնը: Վիրահայոց թեմի մամուլի դիվանից հայտնում են, որ Թբիլիսիի սուրբ Էջմիածին եկեղեցում Համբարձման օրվան նվիրված սուրբ Պատարագ է մատուցվել: Քրիստոսի Համբարձման տոնը, որ ուղեկցվում է ժողովրդական հանդիսություններով եւ կոչվում է Ջանգյուլում, շարունակվել է եկեղեցու բակում: Տոնահանդեսը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպել էր կենտրոնի երիտասարդաց սիրողական «Տարոն» երգի-պարի խումբը՝ պարուսույց Նարինե Ղուշչյանի գլխավորությամբ:
Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքվել էին ծաղկեպսակներով զուգված աղջիկներ ու հարսներ, ջահել տղաներ ու բազմաթիվ հավատացյալներ:
«Համբարձում յայլա» մեղմանուշ երգի մեղեդու ներքո սկսվել է ժողովրդական տոնահանդեսը, որին իրենց մասնակցությունն էին բերել «Հայարտուն» կենտրոնի »Տարոն» երիտասարդաց երգի-պարի խումբը, «Ջեյրան» «Անի» եւ «Վանք» պարային համույթները, մենակատարներ Անի Ղուշչյանը, Ռուբեն Ոսկանյանը եւ Հովհաննես Շահնազարյանը:
Կենդանի ծաղիկներ էին դարձել «Հայարտուն» կենտրոնի «Սուրբ Մովսես Խորենացու» անվան նախակրթարանի սաները, ովքեր տոնահանդեսին առանձին գեղեցկություն հաղորդել են իրենց փայլուն արտասանություններով եւ նազելի պարով: Բացելով ժողովրդական տոնահանդեսը, Թբիլիսիի թիվ 104 դպրոցի աշակերտուհի Լիզա Թորոսյանի ներկայացմամբ տարածվում էր հայկական ժողովրդական երգն ու պարը ու բոլորին հրավիրում Համբարձման տոնահանդեսի, որը լինելով հայ ժողովրդի ավանդական տոներից մեկը՝ նաեւ պես-պես ծաղիկների տոն է, գարնանային գեղեցկության զարթոնք:































