Պակիստանում մայիսի 11-ի առավոտյան սկսվել են խորհրդարանի ստորին պալատի ու տարածքային օրենսդիր ժողովի համընդհանուր ընտրությունները: Այս ընտրություններն անվանում են երկրի պատմության առաջին ժողովրդավարական ընտրություններ:

Ֆավորիտ է համարվում նախկին վարչապետ Նավազ Շարիֆի Պակիստանի մահմեդական լիգան, որին քննադատները հանդիմանում են իսլամական արմատական խմբավորումների հետ կապեր ունենալու համար: Պակիստանի մահմեդական լիգայի գլխավոր մրցակիցը Իմրան Խանի կուսակցությունն է, որը երկրում բարեփոխումների եւ աշխարհիկ պետության ձեւավորման կողմնակից է: Այդ գաղափարներին կողմ է նաեւ Պակիստանի ժողովրդական կուսակցությունը, գրում է lenta.ru-ն:

Gazeta.ru-ն, վկայակոչելով  Reuters-ին, հայտնում է, որ Պակիստանի իշխանություններն ընտրությունների նախօրեին Իսլամաբադում   ամերիկյան  The New York Times թերթի բյուրոյի ղեկավարին ստիպել են լքել երկիրը: «Ձեր վիզան զրոյացվում է` Ձեր անցանկալի գործունեության պատճառով, - ասված է լրագրողի ստացած ծանուցման մեջ: - Դուք պետք է երկիրը լքեք 72 ժամվա ընթացքում»:

Ընտրություններն ընթանում են թալիբների հայտարարած անհաշտ պատերազմին զուգահեռ: Նրանք կայանալիք ընտրություններն անվանել են «ոչ իսլամական» եւ խոստացել ահաբեկչության միջոցով կանխել դրանք: «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ նախօրեին Պակիստանի Կարաչի քաղաքում անհայտ անձինք  նախընտրական հավաքի ժամանակ կրակել էին գործարար Շաքիլ Ահմեդին, որը թեկնածուներից մեկն է:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին առեւանգվել էր երկրի նախկին վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանիի որդին: Մայիսի 3-ին Կարաչիում սպանվել էր Ազգային կուսակցության թեկնածու Ավամի Սադկ Զաման Հաթակը` երեքամյա որդու հետ: Մայիսի 4-ին Կարաչիում տեղական կուսակցություններից մեկի ներկայացուցչության մոտ երկակի ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել էր երեք մարդ: Մայիսի 6-ին իսլամական  «Ջամահաթ-ե-ուլեմա-ի-իսլամ» կուսակցության հանրահավաքին պայթյուն էր որոտացել, որի հետեւանքով զոհվել էր 14 մարդ: Ավելի վաղ` ապրիլի 17-ին, Փեշավար քաղաքում ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 16-20 մարդ: