Մայիսի 12-ին տեղացած կարկուտը հերքում է հակակարկտային կայանների արդյունավետության մասին առասպելը: Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատը անցյալ տարի մի ուսումնասիրություն հրապարակեց, որով խիստ բացասական գնահատական էր տրվում Հայաստանում հակակարտային կայանների արդյունավետությանը:

Ըստ ՀՀ Վերահսկիչ պալատի՝ տեղական «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ընկերության մատակարած գազագեներատորային կայանները կրկնակի թանկ են ֆրանսիականների համեմատ, իսկ դրանց արդյունավետությունը հիմնավորված չէ:

Այդ ուսումնասիրության հրապարակումից հետո «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ընկերությունը դատական գործընթաց սկսեց Վերահսկիչ պալատի նկատմամբ: Իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանն էլ հավաստիացրեց, որ «Պոստ Լեքս Քոնսալթինգի» արտադրած կայանները եզակի են, ու ապահովում են գրեթե 90% արդյունավետություն:

Նշենք, որ այսօր մեր ձեռնարկած ջանքերը՝ կապվել նշված անձանց հետ անարդյունք էին: Ռ. Հովսեփյանը անվերջ զբաղված էր խորհրդակցություններով, իսկ «Պոստ Լեքս Քոնսալթինգի» կոնտակտային տվյալները փոխված են, ու արտակարգ իրավիճակների նախարարությունում անգամ տեղյակ չեն, թե ինչպես կարելի է նրանց գտնել:

Կարկուտից հավասարապես տուժեցին եւ պաշտպանված, եւ չպաշտպանված կայանները: Համարյա ամեն տարի կարկտահարությունից տուժում է մոտ 250 համայնք: Հանրապետությունում տեղակայված են ընդամենը մոտ 200 կայաններ, որոնք կարող են պաշտպանել առավելագույնը 20 հազ. հա, այնինչ գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է մոտ 500 հազ. Հա: