Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկների բարձրացրած խնդիրները: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ հարցերը գտնվում են Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում, եւ ամեն տարի Կառավարությանը դիմելիս միշտ վերանայման խնդիր են բարձրացնում:
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Պաշտպանության նախարարի հանձնարարականով` սոցիալական վարչության պետը երկու անգամ այցելել է ազատամարտիկներին, քննարկել են նրանց բարձրացրած խնդիրները, հնարավոր լուծման ուղիները: Մամուլի քարտուղարն ասաց, որ եթե Կառավարությունը ազատամարտիկների նամակը հասցեագրի իրենց, ապա իրենք պատրաստ են իրենց օգնությունը ցուցաբերել: «Մեզ դեռ կառավարությունը ոչ մի բան չի փոխանցել,եթե փոխանցի նրանց դիմումը, ապա սահմանված ժամանակում կլինի պատասխան»,- նշեց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























