Երեւանի քաղաքապետարանը չի պաշտպանում Մաշտոցի պողոտայում գտնվողն Փակ շուկան: Այսօր՝ մայիսի 14-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով՝ ճարտարապետության հուշարձանի ճակատագրի վերաբերյալ քաղաքապետարանին ուղղված բազմաթիվ հարցումները որեւէ շոշափելի արդյունքների չեն բերել: «Տրվում են պարզամիտ պատասխաններ, օրինակ այսպես. «արձանագրել ենք խախտումը, տուգանվել մեղավորին»: Բայց մենք ոչ թե տուգանքից ենք սպասում, այլ վերակառուցման»,-ասել է Մինասյանն ու հավելել, որ շենքի՝ որպես մշակույթի հուշարձանի, պահպանման համար պատասխանատվություն պետք է կրի պետությունը, այնինչ բոլոր պետական մարմինները հանդես են գալիս ոչինչ չպարտավորեցնող գրություններով:
«Դա հրաշալի հուշարձան է, որը նախագծել են բարձրակարգ ճարտարապետներ: Այն ցանկանում են փոխարինել տիպային խանութով: Այս կամ այն պետական գերատեսչության «լուրջ» գրագրությունների վրա ես արդեն հույս չեմ դնում»,-ասել է Մինասյանը:
Փակ շուկան կառուցվել է 1952 թվականին: Երկու տարի առաջ շենքի վերահսկողությունն անցել է ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո), ով «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատերն է (այն ժամանակ լուրեր էին տարածվել, որ Փակ շուկայի տեղում հերթական տիպային սուպերմարկետն է բացվելու): Շենքի մի մասն արդեն քանդվել է: Ալեքսանյանը լրագրողների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս հայտարարել է, որ շենքը կմնա իր նախկին տեսքին:




























