ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Ընտանիքների միջազգային օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով, որտեղ նշում է, որ Ընտանիքների միջազգային օրը առիթ է տոնելու ընտանիք կազմող համաստեղության բոլոր անդամների միջեւ կապերը:

Նրա հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ընտանիքները միավորում են հասարակություններ, իսկ սերունդների միջեւ կապը ժամանակի ընթացքում ընդարձակում է այս ժառանգությունը: Այս տարի Ընտանիքների միջազգային օրը առիթ է տոնելու ընտանիք կազմող համաստեղության բոլոր անդամների միջեւ կապերը: Սա նաեւ հնարավորություն է մտորելու այն մասին, թե ինչպես են սոցիալական եւ տնտեսական միտումներն անդրադառնում ընտանիքների վրա եւ թե, ի պատասխան դրան, ինչ կարող ենք անել ընտանիքների ամրապնդման համար:

Գործազրկությունը ստիպում է շատ երիտասարդների, ովքեր հաճախ ձգտում են անկախության, ապավինել իրենց ծնողներին ավելի երկար, քան կցանկանային: Այն ընտանիքներում, որտեղ ծնողներից երկուսն էլ աշխատում են, երեխաների մատչելի եւ որակյալ խնամքի բացակայությունը դժվարացնում է ծնողների ջանքերը՝ համատեղել իրենց աշխատանքը եւ տնային պարտականությունները: Անբավարար կենսաթոշակները եւ տարեցների խնամքը պահանջում են ավելի մեծ ուշադրություն, որպեսզի հաջողությամբ պսակվի նրանց կյանքը երկարացնելու մեր նպատակը:

Այս մարտահրավերներն այժմ, քան երբեւէ, ընտանիքի աջակցությունն ավելի են կարեւորում այն երիտասարդի համար, ով, ապրելով ծնողների հետ, աշխատանք է փնտրում, այն տատիկ-պապիկի համար, ովքեր ապաստանի եւ խնամքի համար ապավինում են իրենց երեխաներին, ինչպես նաեւ  այն բազմանդամ ընտանիքների համար, ովքեր ստանձնում են երեխաների խնամքի պատասխանատվությունը:

Ամբողջ աշխարհում ընտանիքի անդամները կատարում են իրենց պարտականությունները: Նրանք արժանի են աջակցության քաղաքական գործիչների եւ որոշում կայացնող անձանց կողմից, պետական հաստատությունների եւ մասնավոր ձեռնարկությունների կողմից:

Ամբողջ աշխարհում աճող համոզմունք կա, որ մենք պետք է ուժեղացնենք այն քաղաքականությունները, որոնք նպաստում են միջսերնդային  միասնությանը եւ աջակցում միջսերնդային ծրագրերին եւ նախաձեռնություններին: Փորձը ցույց է տալիս, որ բավարար կենսաթոշակները եւ խնամակալի աջակցությունը օգնում են ոչ միայն տարեցներին, այլեւ ողջ ընտանիքին: Երիտասարդների եւ տարեցների շրջանում կամավորությունը խթանող միջսերնդային ծրագրերն անհրաժեշտ են բոլոր սերունդներին: Տարբեր տարիքի մարդկանց միավորելու հնարավորությունը ամբողջ համայնքներ է վերակենդանացնում:

Միջսերնդային նախաձեռնությունները նաեւ ուղղված են գլոբալ զարգացման առաջնահերթություններին: Դրանք հակազդում են անհավասարությանն ու մերժմանը, խրախուսում ակտիվ քաղաքացիությունը եւ նույնիսկ բարելավում են հանրային ենթակառուցվածքները համայնքային ծրագրերի միջոցով:

Ընտանիքների այս միջազգային օրվա կապակցությամբ ես կոչ եմ անում կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը, ընտանիքներին եւ անհատներին օժանդակել այն նախաձեռնությունները, որոնք միավորում են տարբեր սերունդների մարդկանց՝ բոլորի համար ավելի առողջ աշխարհ կառուցելու ճանապարհին»: