Հնդիկ գիտնականները մշակել են տարեկան 500 000 երեխայի մահվան պատճառ դարձող ռոտավիրուսի նոր, մատչելի պատվաստանյութ, հայտնում է հնդկական The Hindu հրատարակչությունը:

«Ռոտավակ» կոչվող նոր պատվաստանյութը փորձարկումների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը եւ անվտանգությունը: Եթե դեղամիջոցն արտոնագիր ստանա, ապա  դրա օգնությամբ կհաջողվի փրկել տարեկան մի քանի հազար կյանք: 

Պատվաստանյութի արտադրությամբ զբաղվելու է Bharat Biotech ընկերությունը: Նրա պաշտոնական ներկայացուցչի հայտարարությամբ` ընկերությունն ունի տարեկան մինչեւ տասնյակ միլիոնավոր պատվաստանյութ արտադրելու հնարավորություն:

Ներկայումս Հնդկաստանում վաճառվում են GlaxoSmithKline եւ Merck դեղագործական ընկերությունների մշակած պատվաստանյութերը,  սակայն դրանք թանկ են` շուրջ 1,000 ռուփի (30 դոլար): «Ռոտավակի» արտադրողները ծրագրում են այն վաճառել 54 ռուփիով (1 դոլար):

Ռոտավիրուսի համաճարակն անվանվում է նաեւ աղիքային գրիպ եւ «կեղտոտ ձեռքերի հիվանդություն»: Եթե հիվանդությունը ժամանակին չի ախտորոշվում եւ բուժվում, ապա մահացու ելքի հավանականությունն ավելանում է մի քանի անգամ: