Կանայք տղամարդկանցից երկար են ապրում, որովհետեւ նրանց իմունային համակարգը ավելի երկար է երիտասարդ մնում: Այս մասին հաղորդում է United Press International-ը՝ վկայակոչելով ճապոնացի գիտնականներին:
Գիտնականները հետազոտել են երկու սեռերի 20-90 տարեկան կամավորների արյան նմուշները եւ հայտնաբերել, որ արյան մեջ սպիտակ բջիջների՝ լենկոցիտների թիվը տարիքի հետ նվազում է: Ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ նեյտրոֆիլային լեյկոցիտների քանակը նվազում է թե կանանց մոտ, թե տղամարդկանց, սակայն լիմֆոցիտների (իմունային համակարգի գլխավոր բջիջների) քանակը կանանց մոտ ավելի դանդաղ է կրճատվում:
Գիտնականները պնդում են, որ ծերացման գործընթացը կանանց եւ տղամարդկանց մոտ արմատապես տարբերվում է: Կանացի էստրոգեն հորմոնը պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից, ինչպես նաեւ դրականորեն է ազդում իմունային համակարգի վրա:


























