Հայաստանի կառավարությունը մայիսի 16-ին հաստատեց իր նոր ծրագիրը (2013-17 թ.թ. համար)՝ այն ուղարկելով խորհրդարան: Նախորդ ծրագիրը, հիշեցնենք, ընդունվել էր անցյալ տարի՝ 2012 թ. հունիսին: Ինչն է՞ փոխվել այս մեկ տարում:

Ավելի բարձր աշխատավարձեր

Նոր ծրագրում կան մի շարք փոփոխություններ: Եթե նախորդ (գործող) ծրագրում շեշտը դրված էր միայն աշխատատեղերի ստեղծման վրա, ապա նոր ծրագրում՝ նաեւ աշխատավարձերի բարձրացման: «Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովելու է աշխատավարձերի համակարգված աճ: Այս աճը լինելու է հետեւողական եւ համաչափ՝ միտված եղած աշխատատեղերը պահպանելուն եւ նորերի ստեղծումը խթանելուն»,-նշված է ծրագրում: Ծրագրում հայտնվել է նաեւ նվազագույն աշխատավարձը հետեւողականորեն բարձրացնելու մասին դրույթ՝ աշխատող աղքատներ չունենալու նկատառումով:

Կառավարությունը նաեւ երաշխավորում է սոցիալապես անապահովների կրթություն ստանալը:

Սակայն կա վերապահում՝ այդ ամենն իրականություն դառնալու համար անհրաժեշտ է տնտեսական աճ ու զարգացում:

Տնտեսական քաղաքականության բլոկում ավելացվել է արտահանումը խրախուսելու մասին թեզը: Մյուս կարեւոր թեզերը պահպանվել են՝ հավասար մրցակցության ապահովում, գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավում, տարածքային համաչափ զարգացում, գյուղատնտեսության օժանդակում եւ այլն:

Հատուկ շեշտվել է, որ տնտեսական զարգացման համար հիմնականում հիմնվելու են ներքին ռեսուրսների վրա:

Ակնկալվող արդյունքները

Ակնկալվող արդյունքները հիմնականում մնացել են նույնը: Նշենք դրանցից մի քանիսը. տարեկան 5-7% տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձի կրկնապատկում, կենսաթոշակի բարձրացում մինչեւ աղքատության գծի 125%-ը, աղքատության 8-10% կրճատում, պետական եկամուտների հավաքագրման որակական աճ: Կառավարությունը պահպանել է նաեւ ծնելիության գործակցի աճը մինչեւ 1.8 հասցնելու իր նախկին խոստումը:

Կառավարությունն առաջին անգամ շեշտադրել է ըստ աշխատանքի արդարացի վստակ ստանալու քաղաքացու իրավունքը: Որպես արտագաղթի կանխարգելման միջոց նշվել է աշխատատեղերի ստեղծումը, ինքնաիրացման պայմանների բարելավումը եւ արդարության հաստատումը:

Միջազգային կապեր

ԱՄՆ-ը բարեկամ է, իսկ Ռուսաստանը՝ ռազմավարական գործընկեր եւ դաշնակից: Սա կառավարության վերջին ծրագրերի արտաքին քաղաքական կողմնորոշիչներն են; Միեւնույն ժամանակ՝ Եվրամիության հետ պետք է տարվի մերձեցման քաղաքականություն, Վրաստանի եւ Իրանի հետ՝ հարաբերությունների զարգացում, Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորում: Կառավարությունը չի հրաժարվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, այդ թվում՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցություններն ավարտին հասցնելու ծրագրերից; Միեւնույն ժամանակ՝ կշարունակվի ԵվրԱզԵս-ի հետ համագործակցությունը ՝ ապահովելով  տնտեսական ինտեգրման ավելի բարձր մակարդակ: Սակայն կառավարության ծրագրում խոսք չկա Ռուսաստանի հովանու ներքո ստեղծվող մաքսային միությանը միանալու մասին:

Սամվել Ավագյան