«168 ժամ» թերթը, անդրադառնալով գազի թանկացման պատճառներին, մասնավորապես գրում է. «Գազի գնի թանկացումը ոչ միայն քաղաքական, այլեւ աշխարհաքաղաքական բաղադրիչներ է պարունակում եւ կապված է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի պահպանման կամ փոփոխության հետ:
Եվ պատահական չէ, որ մինչ հասարակությունն ընդվզում է գազի գնի թանկացման դեմ, նախօրեին Երեւանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ տեղի է ունեցել համաժողով «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի եւ էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով: Համաժողովի երկար անվանման ու դրա ընթացքում հնչած դիվանագիտական ձեւակերպումներով ելույթների տակ իրականում թաքնված է շատ պարզ ուղերձ, այն է՝ եթե Հայաստանի իշխանությունը կարողանա մինչեւ վերջ դիմադրել Մաքսային միությանը, իմա՝ նաեւ Եվրասիական միությանն անդամակցելու Ռուսաստանի ճնշմանը, Արեւմուտքը պատրաստ է փոխհատուցել դրա համար պահանջվող ֆինանսական միջոցները:
Բայց հասկանալի է, որ Արեւմուտքը Հայաստանին ֆինանսական օգնություն է տրամադրելու ոչ թե սոցիալական բունտը կանխելու, այլ առաջին հերթին՝ աշխարհաքաղաքական կողմնորոշման, այս փուլում՝ ռուսական ազդեցությունն անդառնալի չդարձնելու դիմաց:
Սա, բնականաբար, բխում է նաեւ Հայաստանի Հանրապետության շահերից, եթե, իհարկե, արեւմտյան աջակցության դիմաց այլ՝ վտանգավոր պայմաններ չեն առաջադրվում: Փորձագիտական շրջանակներում կա կարծիք, որ այդ՝ չերեւացող պայմանը կարող է կապված լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոչ հայանպաստ ինչ-որ փաստաթղթի ստորագրման հետ: Սակայն գոնե հրապարակային դաշտում հայկական կողմի համար այս պահին վտանգը գալիս է ոչ թե Արեւմուտքից, այլ հենց նույն Ռուսաստանից:
Ռուսական իշխանությունները զգում են Հայաստանից եկող վտանգը եւ խաղում են գրեթե ամբողջովին բաց խաղաքարտերով՝ օգտագործելով ճնշման բոլոր գործիքները: Ռուսները Հայաստանին գրեթե ուղղակիորեն հասկացնում են, որ դիմադրությունը շարունակելու դեպքում կարող է «ռազմավարական հարված» ստանալ ամենաթույլ տեղին՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
Ի դեպ, հետաքրքիր է, որ չնայած նշված զարգացումների կարեւորությանը, Հայաստանի «արմատական ընդդիմությունն» առայժմ գրեթե լուռ է: Ընդդիմադիր ուժերի հիմնական մասը, ինչպես հայտնի է, անխնա պայքարելով Հայաստանի իշխանության դեմ՝ շատ գորովագին վերաբերմունք ունի Ռուսաստանի իշխանության նկատմամբ: Կարելի է ենթադրել, որ այդ ուժերն առայժմ լռում են՝ ավելի «վճռական պահի» իրենց հուժկու խոսքն ասելու ու Հայաստանում ռուսական շահը պաշտպանելու համար: Հայ ընդդիմադիր միտքը գուցե ռուսների վերջին՝ պահեստային գործիքն է»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























