Հայաստանի պաշտոնյաները կանխատեսումներ են անում այսօր երեկոյան կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչում Բորուսիա – Բավարիա խաղի մասին:
Երեւանի ոստիկանապետ-Աշոտ Կարապետյանը խաղի ժամանակ աշխատավայրրում է լինելու եւ չի նայելու ֆուտբոլը: 1988թ երիտասարդական հավաքականի անդամ եղած ոստիկանապետը այժմ հեռացել է ֆուտբոլից ժամանակի սղության պատճառով: «Ավելի լավ չի մտածեմ ծանր հանցագործության բացահայտման մասին, դեպքը քննեմ, քան թե ֆուտբոլ նայեմ, խաղադրույք անեմ, իմ ուշքը գնա ֆուտբոլի համար»,- մեզ հետ զրույցում ասաց ոստիկանապետը` շեշտելով, որ ելնելով ընտրած մասնագիտությունից` իրենք կոչված են մտածելու ժողովրդի մասին, ոչ թե ֆուտբոլի: Աշոտ Կարապետյանը խաղադրույքներ չի անում, չի էլ խրախուսում խաղադրույք անող իր աշխատակիցներին: Այս ամենով հանդերձ` Երեւանի ոստիկանապետի կանխատեսմամբ` այսօրվա խաղում Բավարիան կհաղթի 1:0 հաշվով:
Իսկ ԱԺ փոխնախագահ, ֆուտբոլասեր Էդուարդ Շարմազանովի համար այսօր երեկոյան ֆուտբոլային տոն է: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ թեեւ ֆավորիտը Բավարիան է, ով այս տարի կիսաեզրափակչի երկու խաղերում դիտարժան ֆուտբոլ ցույց տվեց եւ հաղթանակ տարավ անպարտելի թվացող Բարսելոնայի նկատմամբ, բայց ներքին ձայնը իրեն հուշում է, որ Բորուսիան կհաղթի: Նա ֆուտբոլը դիտելու է ընտանիքի անդամների, հարազատների եւ ընկերների հետ: ԱԺ փոխնախագահն ասաց, որ ինքը Յուվենթուսի երկրպագու է դեռ փոքր ժամանակվանից, երբ Միշել Պլատինին խաղում էր այդ ակումբում, բայց սիրտը թրթռում է միայն Հայաստանի հավաքականի համար: Ֆուտբոլասեր պատգամավորը խոստովանեց, որ երբ սիրելի թիմը պարտվում է, իր տրամադրությունը ընկնում է, բայց երբեւէ չի եղել, որ լացի:
Մյուս ֆուտբոլասեր պատգամավորը` ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօրվա խաղը նայելու է տանը` որդիների հետ` գարեջրի եւ դրա «թաշախուստի» ընկերակցությամբ: Տնտեսագետ պատգամավորի խոսքով` իր կանխատեսումներն ֆուտբոլի ոլորտում միշտ հակառակն են դուրս գալիս, առավել եւս այս դեպքում, երբ վստահ չէ, թե ինչ կլինի, երկու թիմերին էլ չի երկրպագում, բայց կարծում է` Բավարիան կհաղթի:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը իսպանական ֆուտբոլի սիրահար է, նա գերմանական ֆուտբոլը համեմատում է ռազմական մեքենայի հետ: Նրա կանխատեսմամբ` Բորուսիա-Բավարիա խաղը կավարտվի 2.1 հաշվով` հօգուտ Բավարիայի: Թեւան Պողոսյանը երեկոյան Չեմպիոնների լիգայի եզրափակիչը դիտելու է տանը` իր բազկաթոռին նստած, եթե հայկական մեկնաբանները լավ վարեն, ապա այն կդիտի հայկական ալիքով: Նա խոստովանեց, որ շատ էմոցիոնալ է հետեւում ֆուտբոլի ընթացքին, երբ իր սիրելի թիմերն են խաղում, այնպես, որ շրջակայքում գտնվողները իմանում են, որ ինքը ֆուտբոլ է նայում: Երբեւէ չի հիշում, որ արտասվի որեւէ թիմի հաղթանակի կամ պարտության համար, բայց Հայաստանի հավաքականի հաղթանակի դեպքում կարտասվի:
ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի համար եւս թեժ ֆուտբոլային երեկո է սպասվում:
Արմեն Աշոտյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն դժվար թե մեղադրեն գերմանական ֆուտբոլ սիրելու մեջ, քանի որ ոչ ակումբներին, ոչ հավաքականին չի երկրպագել, նա գերադասում է Հարավային Եվրոպայի թիմերը, օրինակ` շատ է ափսոսացել, որ իտալական, իսպանական եւ պորտուգալական թիմերը հաջող հանդես չեն եկել այս մրցաշարում, օրինակ` շատ ափսոսացել է Բեֆիկայի համար:
Այս երեկո Արմեն Աշոտյանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կդիտի ընկերների հետ «մի համեստ վայրում»: ԿԳ նախարարը Բավարիայի կողմնակից է այն պատճառով, որ ջերմ հիշողություններ ունի Բավարիա իր այցելությունից, մասնավորապես` մշակույթը, խոհանոցը, ավանդույթները շատ դրական են: Նախարարը կանխատեսեց, որ խաղն կավարտվի 2.1 հաշվով` հօգուտ Բավարիայի:
Տանը ֆուտբոլ դիտելիս Արմեն Աշոտյանը խնայում է տարածքում գտնվողներին, իսկ ընկերներով համապատասխան միջավայրում ֆուտբոլ դիտելիս ինքը եւս զերծ չի մնում գոռալուց, գոչյուններից, բացականչություններից:
Բորուսիա-Բավարիա խաղի վերաբերյալ հետաքրքիր զրույց ստացվեց ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանի («Բելաջոյի Գրիշ») հետ: Նա նշեց, որ կնայի այսօրվա խաղը, սակայն գաղտնիք է, թե ում է երկրպագելու եւ ինքը ֆուտբոլային մեկնաբան չէ, որ կանխատեսում անի: Զրույցի կեսից պատգամավորը բարկացավ, նախ հանդիմանեց մեզ, թե ինչու ենք իրեն` ԱԺ պատգամավորին, անհանգստացնում շաբաթ օրով, զանգում ենք եւ հարց ենք տալիս: Իհարկե, կարող է տպավորություն ստեղծվել, որ պատգամավորը «կոտորվեց» ամբողջ շաբաթ աշխատելով, բայց եթե նույնիսկ այդպես լիներ, անհրաժեշտություն կա պատգամավորին հիշեցնելու իր մանդատի մասին եւ այն, որ պետք է պատրաստ լինի նույնիսկ հանգստյան օրերին «մեկ-մեկ անհանգստանալուն»: Պատգամավորը չբավարարվեց «հանդիմանություններով» եւ անցավ վիրավորանքների` ասելով, «թե էս ինչ դատարկ հարցեր եք տալիս, հենց պարապ եք մնում, զանգում եք պատգամավորներին եւ ամբախ-զամբախ հարցեր եք տալիս»: Ի դեպ, «դատարկ» եւ առհասարակ «լիքը» հարցերին չպատասխանող պատգամավորին հիշեցնենք որ օրեր առաջ երկրի թիվ մեկ խնդրի` կառավարության ծրագրի քննարկմանը, ինքը բառացի «թռել» էր ԱԺ-ից, գուցե դա է՞լ էր «դատարկ» հարց իր համար:




























