Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երբեք կոռեկտությամբ աչքի չի ընկել: Այս մասին, այսօր` մայիսի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն՝ արձագանքելով Գալուստ Սահակյանի կողմից «Ժառանգություն» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղղված անպարկեշտ արտահայտություններին:
Նրա խոսքով՝ Զարուհի Փոստանջյանը 4 երեխաների մայր է եւ որեւէ մեկը նրան վիրավորելու իրավունք չունի. դա էթիկայի լրջագույնս խախտում է: «Ես էթիկայի հանձնաժողովը բոյկոտել եմ մի շարք պարզ պատճառներով: Այնտեղ հնարավոր չէ խնդիր լուծել: Դաշնակցությունը եւս բոյկոտում է եւ առաջիկայում համատեղ որոշում կկայացնենք: Բացի այդ, ես նաեւ հանդես եմ եկել ի պաշտպանություն Նաիրա Կարապետյանի, ասելով, որ դա հրապարակային խոսակցություն չի եղել եւ չկա, որեւէ փաստ, թե նա մեկին վիրավորել է: Եթե ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ի լուր աշխարհի կարող է վիրավորել կին պատգամավորին եւ նրա հարցը չի մտնելու էթիկայի հանձնաժողով, իսկ ես վստահ եմ ոչ չի մտնելու, հետեւաբար մյուս պատգամավորների հարցը կարծում եմ անիմաստ է մտցնել առավել եւս, եթե խոսքը վերաբերում է կնոջը: Ինձ համար նշանակություն չունի, թե կինը, որ խմբակցությունն է ներկայացնում»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով, որ երբ կպատժվեն բոլոր ՀՀԿ-ական եւ կոռեկտությունից զուրկ պատգամավորները, այդ դեպքում միայն կողմ կլինի, որ առիթի դեպքում կանանց հարցը նույնպես վեր հանվի հանձնաժողովում:
Հիշեցնենք, որ Էթիկայի հարցերով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովը Երեւանում Մոսկվայի տան տնօրենից դիմում-բողոք է ստացել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի վերաբերյալ, որպեսզի քննի նրա վարքը։ Այս դիմումը վարույթ չէր ընդունվել, քանի որ չէր համապատասխանում օրենքի պահանջներին եւ առկա էին մի շարք խախտումներ, առաջարկվել էր երկրորդ դիմումը ներկայացնել` օրենքի պահանջներին համապատասխան:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























