Նորին մեծություն Ուելսի արքայազն Չարլզը շուտով կմտնի Հայաստան: Սա մեծ օր է Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի հարաբերությունների համար: Այս մասին ասված է դեսպանատան Facebook-ի պաշտոնական էջում:

Արքայազն Չարլզը վաղուց հոգացողություն է տածում մշակութային ժառանգության, մասնավորապես` ճարտարապետության, ինչպես նաեւ շրջակա միջավայրի նկատմամբ:  «Ես վստահ եմ, որ նա  հիասքանչ բնապատկերներ եւ հարուստ պատմություն ունեցող Հայաստանում շատ բան կգտնի, որն իրեն անտարբեր չի թողնի եւ կոգեշնչի:  Նրա այցը կնպաստի մեր երկրների միջեւ հետագա ջերմ հարաբերությունների ամրապնդմանը», - ասված է դեսպան Ջոնաթան Էյվսի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ արքայազն Չարլզի այցը նախատեսված է մայիսի 28-30-ը: Նա կդառնա մասնավոր այցով Հայաստան այցելած թագավորական ընտանիքի առաջին անդամը: