Նախագահական նստավայրի դիմաց  այսօր` մայիսի 29-ին, բողոքի ակցիա անող «Արմավիայի» աշխատակիցներին չհաջողվեց հանդիպել ավիաընկերության ղեկավարության հետ:

Փոխարենը, «Արմավիայի» գրասենյակում նրանք հաշվապահությունից ստացան իրենց վերջնահաշվարկի փաստաթղթերը եւ պարզեցին, որ 1 ժամվա համար նախատեսված աշխատավարձի չափը հաշվարկել էին մի քանի անգամ քիչ: Սա զայրացրեց աշխատակիցներին, նրանք պատասխան էին պահանջում, սակայն գլխավոր տնօրենը չընդունեց նրանց:  Ընկերության մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան աշխատակիցներին ասաց, որ մինչեւ հունիսի 3-ը իրենք կստանան իրենց աշխատավարձը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արմավիա» ավիաընկերության նախկին օդաչուները, բորտուղեկցորդներն ու ավիաինժեներները հայտարարել են, որ ընկերությունն իրենց 7 ամսվա աշխատավարձը չի վճարել: Բացի այդ, նրան նշել են, որ 2011 թվականից սոցվճարներ չեն արվել իրենց անունով. պահումներն արվել են, աշխատավարձ ստացել են, բայց հիմա պարզվել է, որ 2011-ից մինչ 2012թ. նոյեմբեր ընկերությունը սոցվճարներ չի արել: 

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am