Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, սենատորներ Անրի Դը Ռենկուրը եւ Բեռնար Սոժեն:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բարձր գնահատելով հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերությունների ներկա մակարդակը` պարոն Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի փոխհարաբերություններին բնորոշ են բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական մակարդակով հաստատված արդյունավետ համագործակցությունը, մշակույթի, կրթության, գիտության եւ այլ ոլորտներում փոխգործակցությունը: ԱԺ նախագահը կարեւոր է համարել միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում` գոհունակությամբ փաստելով խորհրդարանների միջեւ հաստատված սերտ գործակցությունը, որը կարեւոր դերակատարություն ունի միջպետական հարաբերություններում: Հովիկ Աբրահամյանը կարեւոր եւ ողջունելի է համարել ֆրանսիացի խորհրդարանականների այցը ԼՂՀ:
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը երախտագիտություն է հայտնել իրենց հրավիրելու համար եւ նշել, որ յուրաքանչյուր այցից հետո մեծ դրական փոփոխություններ են նկատում Հայաստանում:
Նա անհրաժեշտ է համարել հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա ակտիվացումը` կարեւորելով միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը եւ միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացումը: Պատվիրակության անդամներն ասել են, որ չափազանց տպավորված են ԼՂՀ կատարած այցից եւ առաջընթաց են արձանագրել երկրի բոլոր ինստիտուտներում եւ տնտեսության տարբեր հատվածներում: Նրանք կարեւոր են համարել Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը: Հովիկ Աբրահամյանը նույնպես անհրաժեշտ է համարել օդանավակայանի գործարկումը եւ անհասկանալի է համարել, թե ինչու են արգելվում քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները, քանի որ դրանք կրելու են միայն մարդասիրական բնույթ:
ԱԺ նախագահը նշել է, որ եվրոպական ինտեգրումը մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է, Հայաստանը իրեն տեսնում է այդ ընտանիքում եւ կարեւորում է սերտ համագործակցությունը եվրոպական կառույցների հետ:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք կարեւորվել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:




























