Առաջիկա տարիներին ընտրությունների բացակայությունը լավ առիթ է քիչ խոսելու եւ ավելի շատ աշխատելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ):

Վերջին շրջանում, հավելել է նա, Հայաստանում մի քանի ընտրություններ տեղի ունեցան՝ խորհրդարանական, նախագահական, այնուհետեւ՝ Երեւանի ավագանու: «Ընտրությունները մեզ հնարավորությունը ընձեռեցին բարձրացնել մի շարք հարցեր, քննարկել մեր երկրի համար ակտուալ խնդիրներ: Այս մասին շատ բան ասվեց: Եվ առաջիկա տարիներին ընտրությունների բացակայությունը լավ առիթ է քիչ խոսելու եւ ավելի շատ աշխատելու համար», – ասել է նախագահը:

Նրա խոսքով, անշուշտ, սփյուռքի հետ կապված ծրագրերը առաջիկա տարիներին կշարունակվեն: Բայց հայության ամենագլխավոր խնդիրներից մեկը եղել եւ մնում է սիրիահայերի ճակատագրի հարցը:  «Ե՛վ որպես պետություն, ե՛ւ որպես ժողովուրդ, մենք կօգնենք մեր եղբայրներին եւ քույրերին՝ սիրիահայերին, անկախ նրանից՝ Հայաստանո՞մ են նրանք, թե մնացել են Սիրիայում»,  – նշել է Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am