Սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված 28-ամյա Գեւորգ Հ.-ն աշխատել է ԱԺ պատգամավոր. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում որպես գլխավոր հաշվապահ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատեց տեղեկությունները, որ Գեւորգ Հ-.ն աշխատել է «Կլեոպատրա»  ՍՊԸ-ում եւ «Մուլտի գրուպ կոնցեռնի» Երեւանի քիմիադեղական գործարանում, որտեղ ԲՀԿ առաջնորդը բաժնեմասեր ունի: Նա շեշտեց, որ տեղի ունեցած միջադեպը առնչություն չունի նրա մասնագիտական կամ աշխատանքային գործունեության հետ, դա եղել է կենցաղային հողի վրա, ուստի` պետք չէ փորձել շահարկել Գագիկ Ծառուկյանի անունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 29-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 7-րդ փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 24-ամյա Արտյոմ Ա.-ն եւ 15-ամյա Ռոբերտ Հ.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեպքի վայրի զննությամբ՝ Ավանի 7-րդ փողոցի թիվ 115 տան դիմաց, հայտնաբերվել է որսորդական հրացանի երկու կրակված պարկուճ  եւ արնանման հետքեր:

Պարզվել է, որ նշված վայրում, վիճաբանության ընթացքում, իրեն պատկանող որսորդականից հրացանից կրակոց է արձակել 28-ամյա Գեւորգ. Հ.-ն, որը բերման է ենթարկվել Նոր Նորքի բաժին եւ ներկայացրել «Բեկաս-ԱԿ12» տիպի որսորդական հրացանը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Գեւորգ Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: