Հայաստանում անշարժ գույքի շուկայում բումը ճգնաժամային 2009 թ-ից հետո փոխարինվեց լճացմամբ եւ գների անկման միտումով:

Ընթացիկ տարում որոշ «փոփոխություն» է տեղի ունեցել: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով` ընթացիկ տարվա ապրիլին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անշարժ գույքի գները Երեւանում աճել են: Երեւանում մեկ քմ-ի միջին շուկայական գինն ավելացել է 19,5 հազ. դրամով կամ 7,7%-ով:

Պարադոքսային իրավիճակ է ստեղծվում: Մի կողմից, պաշտոնական տվյալներով, բնակարանների գները դրամային համարժեքով տարեսկզբից աճում են, մյուս կողմից մի շարք ռիելթորական գրասենյակներ անշարժ գույքի շուկայում լճացում են արձանագրում` նշելով պահանջարկի նկատմամբ մեծ առաջարկի առկայության մասին: Տնտեսագիտական օրենքով, նման պարագայում առավել օրինաչափ է ավելի շատ անկումը, քան գնաճը:

Միակ ողջամիտ բացտրությունը կայանում է նրանում, որ գնորդների կոնտինգենտը «հարստացել է», ինչը, սակայն կասկածելի է...

Մասնագետները նշում են շուկայի համար բնորոշ մի նրբություն. վաճառողներն իրենց սեփականությունն առաջարկում են առավելագույն գնով, իսկ սակարկությունների արդյունքում գինը նկատելի նվազում է:

Որոշ պարզություն է մտցնում նաեւ ԱՄՆ դոլարի փոխարժեքը, որը ուսումնասիրվող ժամանակահատվածում ամրապնդվել է 6,2%-ով: Գաղտնիք չէ, որ շատ գործարքներ կատարվում են «կանաչներով»:

Այսպիսով, դոլարային համարժեքով 1քմ-ի միջին շուկայական գինն աճել է ընդամենը 9 դոլարով կամ 1,5%-ով:

Ստորեւ ներկայացվող գծապատկերներում բերվում են 1 քմ-ի միջին շուկայական գները Երեւանի վարչական շրջաններում ստանդարտ` 63,1 քմ տարածքով բնակարանի հաշվով:

Ալբերտ Խաչատրյան