Կովկասյան նավահանգստի անցագրային կետի բացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ինչը թույլ կտա կրճատել հայկական ենթաակցիզային ապրանքների տեղափոխումը Ռուսաստան։ Այս մասին մարտի 1-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը։
Նրա խոսքով, ներկայումս անցագրային կետի վերականգնողական աշխատանքներն ավարտին են մոտենում։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարը Եսայանին տեղեկացրել է այն մասին, որ մարտի 1-ից վերականգնվել է «Վերին Լարս» անցագրային կետով ավտոմոբիլային տրանսպորտի հաղորդակցությունը, ինչը թույլ կտա Ռուսաստանին եւ Հայաստանին միմյանց հետ կապ իրականացնել Վրաստանի տարածքով։
Լեւիտինի խոսքով, 2008-ի համեմատ, 2009 թ. ընթացքում Կովկաս-Փոթի-Կովկաս երկաթուղով 7 տոկոսով ավելի բեռներ են տեղափոխվել։ Նա հավաստիացրել է Եսայանին, որ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը, հանուն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերության զարգացման, պատրաստ է տրանսպորտի ոլորտում ընդլայնել երկկողմ համագործակցությունը։



























