ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը սեպտեմբերի 23-ին մասնակից երկրների հանդիպման ժամանակ կներկայացնի Գազայի հատվածի վերականգնման վեցամսյա ծրագիր՝ 2,45 մլրդ դոլար արժողությամբ։ Այդ մասին հայտնում է Axios գործակալության լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով կազմակերպության աղբյուրներին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 28 անդամ երկրների և պաղեստինյան կառավարության համատեղ աշխատանքի արդյունքում մեկ տարվա ընթացքում փաստաթղթում ներառվել է 66 նախաձեռնություն։
Ինչպես նշվում է, շուրջ 1 մլրդ դոլարը նախատեսված է ենթակառուցվածքների վերականգնման համար՝ ներառյալ ժամանակավոր բնակարանի տրամադրումը, փլատակների մաքրումը և տարածքի ականազերծումը։ Գազայի հատվածում անվտանգության ապահովման համար նախատեսվում է հատկացնել 885 մլն դոլար, որոնք, այդ թվում, պետք է ապահովեն Ռաֆահում 5 հազար Միջազգային կայունացման ուժերի զինծառայողների տեղակայման համար հատուկ բազայի ստեղծումը, հայտնում է պարբերականը։
Այս պահին Խաղաղության խորհուրդը չունի անհրաժեշտ ամբողջ 2,45 մլրդ դոլարը, նշվում է հաղորդագրության մեջ։ Պաշտոնյաները վստահություն են հայտնել, որ քաղաքական խոչընդոտների վերացումից հետո դոնոր երկրները կակտիվացնեն տարբեր նախագծերի ֆինանսավորումը։
Ծրագրի համաձայն՝ Գազայի հատվածում ընդհանուր վնասը գնահատվում է 35,2 մլրդ դոլար, իսկ առաջիկա տասնամյակի ընթացքում ամբողջական վերականգնման և վերակառուցման համար կպահանջվի մոտ 71,4 մլրդ դոլար։




























