Մոսկվայում ստորգետնյա քաղաք են հայտնաբերել՝ «բրենդային» հագուստի եւ երաժշտական սկավառակների արտադրամաս՝ նախկին Չերկիզովյան շուկայի տարածքում:
Մայիսի 31-ի հատուկ գործողության արդյունքում 219 ներգաղթյալներ են ձերբակալվել: Աշխատանքային օրվա ավարտին ապօրինի ներգաղթյալները կարող էին ժամանակ անցկացնել հենց գետնի տակ իրենց հայրենակիցների կողմից բացված սրճարանում, խաղատանը, կինոթատրոնում:
219 ապօրինի ներգաղթյալներից 88-ը Միջին Ասիայի երկրներից են, 131-ը՝ Վիետնամից: Կարի արտադրամասն արտաքինից ավտոտնակ էր հիշեցնում: Ոչ ոքի մտքով չէր կարող անցնել, որ դրա տակ կարի մի ամբողջ ֆաբրիկա է տեղակայված:
Հաստատությունում 122 կարի մեքենա է եղել, որտեղ շուրջօրյա տքնել են աշխատողները: Իրավապահները գետնի տակ նաեւ թուրքական սրճարան են հայտնաբերել՝ վառարանով եւ մանղալով, 35 տեղանոց ոչ մեծ կինոդահլիճ եւ անգամ խաղատուն՝ պոկեր խաղալու համար, գրում է Life News-ը: Գտնվել են նաեւ ճկուն սկավառակների պատրաստման սարքավորումներ, նաեւ՝ մոտ յոթուկես հազար պատրաստի սկավառակներ:




























