Հունիսի 8-ին Հայաստանի նախարարությունը` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ անցկացնում է «Ուժեղ երկրաշարժի դեպքում ֆրանսահպատակ քաղաքացիների ազդարարում, հավաք եւ տարհանման կազմակերպում» թեմայով ուսումնավարժության։

Նպատակներն են`

• կատարելագործել ՀՀ-ում ֆրանսիական դեսպանատան պատասխանատուների գործնական հմտությունները ազդարարման եւ հավաքի գործընթացը կազմակերպելու ուղղությամբ.

• ներդաշնակեցնել փոխգործակցությունը` ՀՀ ԱԻՆ եւ Ֆրանսիայի դեպանատան միջեւ:

Ըստ մտահղացման` Կոտայքի մարզի Գառնի գյուղից 12 կմ հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել 7.1 մագնիտուտով ուժեղ երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Երկրաշարժի հետեւանքով առավել մեծ «ավերածություններ» են գրանցվել ՀՀ Կոտայքի, Արարատի մարզերում եւ Երեւանում: Մայրաքաղաքում ամբողջությամբ փլուզվել է մոտ 15 հազար շենք-շինություն, բռնկվել է 28 խոշոր հրդեհ, կոմունալ-էներգետիկ ցանցում առկա են բազմաթիվ խոշոր վթարներ, փլվածքների հետեւանքով փակվել են փողոցներ եւ ճանապարհներ: Մասնավորապես՝ Երեւանում շենք-շինությունների փլուզման հետեւանքով ամբողջությամբ փակ են Սեբաստիա եւ Կիեւյան փողոցները, Բաղրամյան ու Արշակունյաց պողոտաները, Կիեւյան կամուրջը վնասվել է եւ վտանգ է ներկայացնում տրանսպորտային միջոցներով երթեւեկության համար:

Երկրաշարժի հետեւանքով հրդեհ է բռնկվել նաեւ Երեւանի Նար-Դոսի 2 հասցեում գտնվող տարրական դպրոցում, որտեղ ուսանում են ֆրանսահպատակ քաղաքացիների երեխաները։ Կան պայմանական տուժածներ։

Սցենարի համաձայն` ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի ազդարարումից հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը որոշում է օդային ճանապարհով տարհանել ֆրանսահպատակ քաղաքացիներին։ Վերջիններս հավաքվում են նախապես որոշված վայրերում («Թումո» կենտրոնի, Մերգելյան ինստիտուտի եւ Նար-Դոսի 2 հասցեում գտնվող տարրական դպրոցի մոտ), որտեղից էլ սահմանված երթուղով տեղափոխվում «Էրեբունի» օդանավակայան։