Մի անհանգստացեք, մեր մոտ ամեն ինչ շատ նորմալ է, շատ հանգիստ է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսպես մեկնաբանեց իր եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի «լարված» հարաբերությունների մասին լուրերը:

Նա նշեց, որ արդեն երկու ամիս է, թե ինքը, թե պարոն Աբրահամյանը, թե կուսակցության երիտասարդ սերնդից մինչեւ ավագ սերունդ ասում են, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, պետք չէ անհանգստանալ;  «Եթե մարդիկ ուզում են հակասություն փնտրել, դա իրենց խնդիրն է, որեւէ հակասություն չկա, որեւէ խնդիր չկա, ամեն ինչ շատ փայլուն է: Մի առիթով ասել եմ, ասում են` նիստին նստում ենք, իրար հետ չեք խոսում, տխուր եք, ես էլ կատակով ասել եմ` ձեռք ձեռքի բռնած շուրջպար չե՞նք բռնելու, որ տեսնեք, որ շատ ուրախ ենք: Մի անհանգստացեք, մեր մոտ ամեն ինչ շատ նորմալ է, շատ հանգիստ է»,- նշեց նա:

Հարցին, թե ինչու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Լատվիա այցելության ժամանակ պատվիրակության կազմում չկայիք, երբ Հայաստան-Լատվիա, ինչպես նաեւ Հայաստան-Լիտվա եւ Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամական խմբերի ղեկավարն է, նա պատասխանեց. «Ե՞րբ եք տեսել, որ ԱԺ նախագահի պատվիրակության կազմում ԱԺ փոխնախագահները լինեն, առաջին անգամ չէ, դա բարեկամական խմբի այց չէ, երբեք ԱԺ նախագահի այցելության ժամանակ փոխնախագահները նրան չեն ուղեկցում»,- ասաց նա` հավելելով, որ ինքը բարեկամական խմբի ղեկավարն է եւ ակտիվ համագործակցում են Լատվիացի գործընկերների հետ:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 4-ին պաշտոնական այցով գտնվում էր Լատվիայի Հանրապետությունում: «Տեղեկացնենք, որ Հայաստան-Լատվիա, ինչպես նաեւ Հայաստան-Լիտվա եւ Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամական խմբերի ղեկավարը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է, ով այս այցի ժամանակ Հ. Աբրահամյանի հետ մեկնած պատվիրակության կազմում չէր: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո բավականին լարվել են Հ. Աբրահամյանի եւ Է. Շարմազանովի հարաբերությունները, եւ սրա պատճառն այն է, որ ՀՀԿ նախընտրական շտաբի պետն այս անգամ ԱԺ նախագահը չի եղել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Աբրահամյանը Շարմազանովին դա չի ներում: Անցած քառօրյա նիստերի ժամանակ այդ լարվածությունն ակնհայտ նկատել են նաեւ լրագրողները, թեեւ Է. Շարմազանովը դա հերքել է: Փաստորեն ԱԺ նախագահն այդ հանգամանքն այնքան չի ներում իր տեղակալին, եւ նրանց միջեւ առկա լարվածությունն էլ այնքան խորն է, որ Լատվիա կատարած այցի ժամանակ այդ երկրի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Է. Շարմազանովին չի ընդգրկել պատվիրակության կազմում: Փոխարենն ընդգրկել է իր հետ առավել լավ հարաբերությունների մեջ գտնվող Վոլոդյա Բադալյանին՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամուն, ՀՀԿ պատգամավորներ Հովհաննես Սահակյանին եւ Կորյուն Նահապետյանին: Վերջին երկուսը նույնիսկ այդ բարեկամական խմբի անդամներ չեն...»,- գրում է «Ժամանակը»: