Բանակում կորուստները պայմանավորված են մի շարք պատճառներով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում:

Պաշտպանության նախարարն առաջին հերթին նշել է հրազենի հետ վարվելու կանոնների խախտումը: Այդ համատեքստում նախարարը հիշեցրել է, որ ԶՈՒ անձնակազմի մեկ/երրորդն ամեն օր գործ է ունենում զենքի հետ, նրանց կեսը մարտական հերթապահություն է տանում, իսկ մյուս կեսը սովորում է զենքի տիրապետմանը:

Միջադեպերի երկրորդ պատճառը միջանձնային հարաբերություններն են: Երիտասարդներից բաղկացած կոլեկտիվներում բարդ է միանգամից բարելավել վիճակը. «Բախումները հնարավոր չէ բացառել անգամ քաղաքացիականների շրջանում: Սակայն անհրաժեշտ է այնպես անել, որ զենք չկիրառվի»:

Սեյրան Օհանյանը նշել է, թե իր ղեկավարած գերատեսչությունը սգում է յուրաքանչյուր մահը: Օհանյանի կարծիքով, ծնողների դժգոհությունը ունի թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ: Սուբյեկտիվն այն է, որ յուրաքանչյուր ծնող ցանկանում է առավելագույն պատժի հասնել: «Այդ հարցը վերաբերում է իրավապահ մարմիններին: Կարծում եմ` զինդատախազությունն անում է առավելագույնը»,- նշել է նախարարը: Նա նաեւ նշել է,թ ե վերջին հինգ տարիներին մի քանի տասնյակ հրամանատարներ հեռացվել են, տեղափոխվել կամ այլ պատիժների են ենթարկվել: «Որեւէ միջադեպ անպատիժ չի մնա»,- ասել է Օհանյանը: