Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի Զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նա դեռեւս գտնվում է Վերակենդանացման բաժանմունք, հավանաբար շաբաթվա սկզբին կտեղափոխեն այլ բաժանմունք: «Չենք շտապում, մանավանդ շաբաթ, կիրակի է, իսկ ռեանիմացիայում վերահսկողությունը ուժեղ է»,- նշեց Արամ Ասատուրյանը: Առայժմ նրան երրորդ անգամ վիրահատելու անհրաժեշտություն չկա:
Տնօրենը նշեց, որ վերջինս քայլում է, խոսում է, բայց դեռ ցուցմունք չի տվել, եւ չգիտի եղբոր մահվան մասին: Արտակ Բուդաղյանի մոտ թողնում են միայն կնոջը: Իսկ երեկ նրան են այցելել եղբայրը, հայրը եւ հորեղբայրը, սակայն տնօրենը չի թողել նրանց մտնել ներս, քանի որ սգավորի պես էին հագնված եւ եթե նրանք մտնեին, ապա Արտակ Բուդաղյանը կհասկանար, որ եղբայրն այլեւս չկա:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:
Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























