Այսօր` հունիսի 8-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ընթացքում հայ ժողովրդի ականավոր զավակ, լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գեւորգ Վարդանյանի այրին` Գոհար Վարդանյանը, պարգեւատրվեց ՀՀ ՊՆ «Գեւորգ Վարդանյան» գերատեսչական առաջին մեդալով:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սերան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիաժոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ պաշտպանության նախարարի եւ ԶՈւ ԳՇ  պետի  տեղակալները, բարձրաստիճան զինվորականներ, հետախուզության վետերաններ, հյուրեր: Պարգեւատրման արարողությանը հյուրընկալվել էր նաեւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Միջոցառման մասնակիցները վերհիշեցին անվանի հետախույզի կենսագրության հիշարժան դրվագներ, անդրադարձան նրա մարդկային պարզ ու համեստ բնավորությանը:

Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը նշեց, որ Վարդանյանների գործունեության միայն փոքր մասն է այսօր գաղտնազրկված, սակայն բացահայտվածն արդեն իսկ մեծ գործ է եւ բավարար Գեւորգ Վարդանյանին դասելու աշխարհի խոշորագույն հետախույզների շարքում: «Ձեր խմբի կողմից 1943 թվավականի Թեհրանի կոնֆերանսի ժամանակ արվեց բացառիկ մի աշխատանք, որը արմատապես փոխեց ուժերի դասավորությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Դուք մեծ աջակցություն ունեցաք նաեւ Հայաստանի անկախության առաջին տարիներին, Արցախյան ազատամարտի, Արցախի անկախության կայացման գործում»,- նշեց Ս. Օհանյանը, ընդգծելով, որ գերատեսչության մյուս մեդալների շարքում «Գեւորգ Վարդանյան» մեդալը կլինի ամենահարգվածն ու արժեքավորը: