ԲՀԿ քաղաքականության մեջ ոչ մի բան չի փոխվել, նորմալ աշխատանքային ռեժիմ է եղել, իսկ ի՞նչ հիմքեր կար դեմ քվեարկելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը` անդրադառնալով ավագանու անդրանիկ նիստում բոլոր հարցերին Բ ՀԿ-ի կողմ քվեարկելուն:
Նա շեշտեց, որ «այսօր ընդամենը տեղի է ունեցել պրոտոկոլային միջոցառում, ամեն ինչը այդպես հստակ մի քաղաքականացրեք, ոչ մի խնդիր չի քննարկել, կանոնակարգով սահմանված հանձնաժողովների նախագահների տեղակալների բաշխման արարողությունն է ընդամենը եղել»:
Թամարա Պողոսյանն ասաց, որ այսօրվա օրակարգը ինքը ընդամենը նայում է այդ համատեքստում, «նույնիսկ օրակարգը պրոտակոլային էր, այնպես որ ուզում եմ ասել, եկեք այսօր բավարարվենք սրանով, ընդամենը սա է եղել այսօրվա օրակարգը»:
«ԲՀԿ քաղաքականության մեջ ոչ մի բան չի փոխվել, նորմալ աշխատանքային ռեժիմ է եղել, իսկ ի՞նչ հիմքեր կար դեմ քվեարկելու: Ավագանին նորմալ մտնում է աշխատանքային հունի մեջ, սա սկզբունքային խնդիրը չէ, որ ասես ինչու քվեարկեց կամ չքվեարկեց, սա պռոտակոլային միջոցառում է»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի ավագանու հանձնաժողովներից երեքը տրվել են ՀՀԿ-ին, մեկը` ԲՀԿ-ին: ԲՀԿ-ն կողմ է քվեարկել ներկայացված բոլոր առաջարկներին, հոտնկայս ծափահարել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:




























