Ստամբուլի «Գեզի» այգու դիմակայությանը ստամբուլահայերի մասնակցությունը որպես ինքնության պայքար տեղին չէ։  Նման տեսակետ, հունիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետը, անդրադառնալով «Գեզի» այգու շուրջ իրադարձություններին ստամբուլահայերի մասնակցությանը, նշեց, որ խնդիր չի տեսնում, երբ ստամբուլահայերը որպես Թուրքիայի քաղաքացի իրենց բողոքն են բարձրացնում այգու պահպանության համար, սակայն բողոքի գործողություններում ինքնության շեշտադրում անելը վտանգավոր է։

Իսպիրյանի խոսքով՝  «Գեզի» այգու պահպանությանը մասնակցում է ստամբուլահայերի «Նոր Զարթոնք» շարժումը, որը ակտիվ դերակատարություն ունի ստամբուլահայերի կյանքում։

«Վերջին օրերին մամուլում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ «Գեզի» այգում «Նոր Զարթոնքը»  գերեզմանաքար հիշեցնող պաստառ էր տեղադրել՝ շեշտելով, որ հայկական գերեզմանատունը տվեցին, սակայն այգին չեն տալու»։  Նման երեւույթը կարող է վտանգավոր լինել այն տեսանկյունից, որ թուրքական ազգայնամոլական շրջանակները կարող են հայերին թիրախ դարձնել՝ մեղադրելով նրանց հրահրումների մեջ»,-նշեց թուրքագետը՝ շեշտելով, թե «Գեզի» այգին հայերի պայքարը չէ։

Անդրադառնալով Ստամբուլում հնչած «Ալիեւ, հերթը քոնն է» կարգախոսներին, Իսպիրյանը կարծիք հայտնեց, որ դրանք թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա էական ազդեցություն ունենալ չեն կարող, քանի որ ցուցարարների մեջ իշխանության ներկայացուցիչներ չկան։

Թուրքագետն անդրադարձավ նաեւ «Գեզի» այգու դիմակայությանը մասնակցող Ստամբուլի ֆոտբոլային ակումբերի ֆան-ակումբներին՝ նշելով, որ դրանց մեջ առավել ակտիվ է «Բեշիքթաշ» ակումբի «Չարշը» անունը կրող երկրպագուների խումբը, որի առաջնորդը ստամբուլահայ Ալեն Մարգարյանն է, սակայն նրա հայ լինելու հանգամանքը չի շահարկվել։